Գեներալ Մանվելի որդին դարձյալ քաղաքապետ է
Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, Կարեն Գրիգորյանի օգտին քվեարկել է 10.587 ընտրող, Արթուր Թումանյանի օգտին՝ 3651: Մյուս թեկնածու Արթուր Խաչատրյանը հավաքել է 504 ձայն:
Ընտրություններին մասնակցել է 16 045 ընտրող: Անվավեր է համարվել 1 192 քվեաթերթիկ:
Նշենք, որ Էջմիածնում ընտրություններին նախօրեին թեժ է եղել. Ըստ քննչական կոմիտեի հաղորդման, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Արամ Գրիգորյանից հաղորդում է ստացվել առ այն, որ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Զվարթնոց թաղամասի գերեզմանատան հատվածում, «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահից ատրճանակով կրակել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և նրա եղբայր Արման Գրիգորյանը, ապա դիմել փախուստի: Ըստ հաղորդման՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահում, որտեղից արձակվել են կրակոցները, գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը։
Դիմումատուն նաև հայտնել է, որ հետապնդել են «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենային, որին միացել է նաև Ա.Գրիգորյանի վարած «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենան, հարվածել «Վազ 21-06» ավտոմեքենային, կանգնեցրել, սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ վերցրել են ատրճանակը, որով կրակոց է արձակվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։
Նկատի ունենալով, որ քաղաքացու ներկայացրած հաղորդումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Էջմիածնում թեկնածուին առևանգելու դեպքով կա ձերբակալված
- Հարուցվել է քրեական գործ Էջմիածնի ավագանու թեկնածուին առևանգելու դեպքի առթիվ
- Էջմիածնում կատարված միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան