Հայկական տնտեսության «զորահանդեսը»՝ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսում
Որպես նախարար ինձ համար հպարտության զգացողություն էր բոլոր տաղավարներում հայկական արտադրանք տեսնելը, զգալը, որ արտադրանքը որակ ունի, միջազգային մակարդակով անհրաժեշտ մրցունակությունը կա և կարող ենք իրացնել,- «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում բացված «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսում ներկայացված տաղավարները շրջելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 19-22 ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված հայկական արտադրանքի մեծամասշտաբ ցուցադրությանը մասնակցում է 300-ից ավելի արտադրողներ և ծառայություն մատուցողներ։
«Սա մեր տնտեսության, ըստ էության, զորահանդեսն է: Պատահական չէ, որ, սկսած տեխնոլոգիական ապարանքներից, ավարտված՝ սննդով և ծառայություններով, կարող ենք հպարտորեն ասել, որ ունենք այդ ներուժը: Այո, տնտեսության մեջ որոշակի դրական փոփոխություններ իրականացնելով, աշխուժացնելով՝ կկարողանանք ոտքի կանգնեցնել ողջ տնտեսական ուղղվածությամբ մեր ներուժը»,- նշեց Ա. Մինասյանը:
Պատասխանելով հարցին, թե «հեղափոխական արտադրատեսականեր» կա՞ն, նախարարի պաշտոնակատարը նշեց. «Ցանկացած երկրի տնտեսության հիմքը երեք հիմնական ուղղություններով գործողություններն են՝ ներդրումներ, տեխնոլոգիաներ, մասնագիտական կարողություններ, կամ՝ ներուժ, մասնագիտացում:
Ցանկացած գործողություն, որն ուղղված է առնվանզն տեխնոլոգիական փոփոխություններին, մասնագիտական գիտելիքների վրա է հիմնված, դրանք իրենք իրենցով արդեն հեղափոխական են: Մենք ունենք այդպիսիք թե բարձր տեխնոլոգիաների ոլորտում, թե նորարարական լուծումների առումով, թե, բնականաբար, մեր հայտնի սննդամթերքը, որն այսօր, վստահաբար կարող եմ ասել, աշխարհում համարվում է լավագույններից մեկը»:
Ա. Մինասյանի խոսքով, այսօր մի քանի գործողություններ կան, որոնք պետք է անել՝ որակի վերահսկողության պատշաճ համակարգի ներդրում, որակի ենթակառուցվածքն ամբողջությամբ վերազինում, որը թույլ կտա մի կողմից ապահովել պատշաճ որակի ապրանք՝ միջազգային մրցունակությանը համարժեք, երկրորդ՝ ապահովել թե ներքին, թե արտաքին սպառողների շահերի պաշտպանությունը:
«Հայաստանը պետք է աչքի ընկնի և առաջ գնա միջազգային ապրանքաշրջանառության ոլորտում իր որակյալ արտադրանքի ապահովմամբ: Դրա հիմքը կա»,- ընգծեց նախարարի պաշտոնակատարը:
Ըստ նրա, այս ցուցահանդեսը միտված է ոչ այնքան հայկական ապրանքների իրացմանը, որքան տեղական արտադրության ցուցադրմանը, իսկ իրացումը պետք է կազմակերպել և իրականացնել դրսի շուկաներում՝ Ռուսաստան, եվրոպական, ամերիկյան, Պարսկաստան, Չինաստան, որտեղ ռազմավարությանը համապատասխան շատ ավելի ակտիվ, ագրեսիվ քաղաքականություն են ուզում վարել, որպեսզի հայ տնտեսվարողները վստահաբար այդ շուկաներում տեղ ունենան:
«Կարծում եմ՝ սկզբունքային նշանակություն ունի մեր բոլոր արտադրողների և ազգային կապիտալը տիրապետողների ներգրավումը հայկական ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման գործում: Խոսքը բոլորի մասին է՝ անկախ նրանից, թե իրենք ինչպիսի վերաբերմունք ունեն իշխանության հանդեպ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանն ասաց, որ ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է: Ըստ նրա խոսքի՝ այս ցուցահանդեսը մի քանի թիրախներ ունի: Նախ՝ Հայաստանի արտադրողները ներկայացնեն իրենց ապրանքները միջազգային և տեղական շուկաներին՝ խրախուսելու արտահանության և արտադրանքի ծավալները: Նաև՝ դրսից ներգրավել ներդրողների, որպեսզի դրսի և հայ գործարարների միջև համագործակցություն ստեղծվի:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը հավելեց, որ արտերկրից նույնպես հետաքրքրված են, մասնավորապես՝ Հայաստանում համագործակցության միջոցով ընկերություններ հիմնելու հարցում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան