«Բարվա»-ի ստեղծած համակարգը կարող է փրկել մրգատու այգիները ցրտահարությունից. Արամ Վարդանյան
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում գործող «Բարվա» ինովացիոն հետազոտական կենտրոնը ստեղծել է ռեակտիվ շարժիչներով աշխատող սարք, որն ունի երկակի նշանակություն,- լրագրողների հետ զրույցում ասաց «Բարվայի» նախագահ Արամ Վարդանյանը:
Նրա ներկայացմամբ, սարքը կարող է կիրառվել անօդաչու թռչող սարքի վրա որպես ռեակտիվ շարժիչ, կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժամ արագություն, ավելին, քան իսրայալեական Harop տիպի անօդաչու թռչող սարքերը:
Ա.Վարդանյանի տեղեկացմամբ, սարքը կիրառվում է նաև ծաղկած այգիները վաղ գարնանային ցրտահարությունից պաշտպանելու համար:
«Այգին տաքացնում է: Մի գիշերվա ընթացքում կարող է 6-8 հեկտար փրկել»,- ասաց նա՝ հավելելով, որ «AntiFrost»-ը կարելի է օգտագործել ինչպես բաց տարածքներում, այնպես էլ ջերմոցային փակ կառույցների տաքացման նպատակով:
Panorama.am-ի հետ զրույցում Ա. Վարդանյանն ասաց, որ Հայաստանում մի քանի ֆերմեր գնել են այդ սարքից:
«Մյուսներն ասում են՝ աշունը միրգը լավ լինի, կգնենք»,- նշեց նա:
Ըստ Ա. Վարդանյանի, այդ սարքը գյուղատնտեսական նպատակով արտահանել են Իրան, Վրաստան, նաև Ղրիմ:
Ընկերությունն իր արտադրանքը ներկայացրել է «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսում: Բացի այս սարքից, ներկայացրել է նաև «Զենիթ» հակակարկտային համակարգը, բիոզանգվածի թափոններով (ծառերի ճյուղեր, չոր տերևներ, անտառային մնացորդներ, ցորենի հասկերի մնացորդներ) աշխատող կաթսա: Այս սարքը կարող է տաքացնել մինչև 500 քմ տարածք կամ ջերմոց, մանկապարտեզ, դպրոց:
«Այս տեխնոլոգիայի լայն կիրառումը Հայաստանում թույլ կտա կտրուկ նվազեցնել բնական գազի օգտագործումն ընդհուպ մինչև սպառումը հասցնել զրոյի և ամբողջովին անցնել թափոնների օգտագործմանը: Այս սարքը մեծ հեռանկար է բացում Հայաստանում այլընտրանքային էներգիայի օգտագործման համար»,- ասաց Ա. Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն փորձարկում է «UnicumArm» -ի արտադրած ռազմական նշանակության տեխնիկան. Տ.Բալոյան
- «ԱրմԹաբ»-ների, «ԱրմՖոն»-ների նկատմամբ բավականին հետաքրքրվածություն կա. Ա. Ոսկանյան
- Հայկական տնտեսության «զորահանդեսը»՝ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին