Այս տարի Արցախում նկատվել է զբոսաշրջիկների քանակի նվազում. Արտակ Գրիգորյան
«Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը հետաքրքրություն է առաջացրել Արցախի արտադրողների, ծառայություն մատուցողների շրջանում: Առաջին անգամ ցուցահանդեսում ներկայացված է չորս ընկերություն, հիմնականում զբոսաշրջային օպերատորներ, ովքեր զբաղվում են արտագնա և ներգնա տուրիզմով,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի զբոսաշրջության զարգացման կազմակերպության ծրագրերի համակարգող Արտակ Գրիգորյանը:
Ըստ նրա, Արցախի և Հայաստանի զբոսաշրջային ընկերությունները փորձում են գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել՝ Հայաստանից Արցախ, արտասահմանից Հայաստան, այնուհետև Արցախ զբոսաշրջային տուրեր կազմակերպելու համար:
«Շեշտը դրվում է նրա վրա, որ Արցախը նաև զբոսաշրջային իմաստով Հայաստանի անքակտելի մասն է»,- ընդգծեց Ա. Գրիգորյանը:
Խոսելով զբոսաշրջիկների քանակի մասին, նա տեղեկացրեց, որ վերջին 7 տարում միջինն ունեցել են 30 տոկոս աճ, 2015 թվականի դրությամբ ունեցել են 15 տոկոս աճ, այս տարի, կապված ապրիլյան իրադարձությունների հետ, սեպտեմբերի տվյալներով, արձանագրվել է զբոսաշրջիկների քանակի 20 տոկոս նվազում:
«Մյուս կողմից ավելացել են հայաստանցի զբոսաշրջիկների քանակը, ինչը մեզ ուրախացնում է: Արցախ են այցելում ոչ միայն հայրենասիրական նկրտումներով, նաև զուտ հանգիստն անցկացնելու համար»,- նշեց Արցախի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը:
Ներկայացրած տվյալների համաձայն, Արցախ այցելում են հիմնականում Ռուսաստանից, ԱՄՆ-ից. «Հետաքրքիր է, որ 2015-ին այցելել են նաև Արգենտինայից, Լեհաստանից, Ուկրաինայից»:
Panorama.am-ի հարցին, թե զբոսաշրջիկները հիմնականում ո՞ւր են այցելում, Ա. Գրիգորյանն ասաց, որ եռօրյա տուրերով են Արցախում լինում, հասցնում են լինել Գաձասարում, Տիգրանակերտում, Շուշիում, երբեմն նաև Ամարասում:
«Զբոսաշրջային առումով մեծ կարևորություն ունի նաև Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վերականգնումը, որը մոտակա ժամանակներում երևի կավարտվի: Ստացվելու է զբոսաշրջային մեծ շրջան՝ Երևան-Գորիս-Ստեփանակերտ, այնուհետև՝ Ստեփանակերտ-Քարվաճառ-Վարդենիս-Երևան՝ Սևանի տարածքով: Այդ իմաստով սկսել ենք քայլեր ձեռնարկել զարգացնելու նաև հյուսիսային զբոսաշրջային երթուղին»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ այժմ շեշտը դնում են նաև զբոսաշրջային զարգացման ապակենտրոնացման ուղղության վրա:
Ա. Գրիգորյան ասաց, որ այժմ մեծ աշխատանքներ են տանում դեպի զբոսաշրջային վայրեր ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Այժմ, ըստ նրա, հիմնական զբոսավայրերի 70 տոկոսի համար բացված են ճանապարհներ սովորական ավտոմեքենաների, ավտոբուսների համար, մնացած զբոսավայրերի ճանապարհների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև բարեկարգվում են զբոսաշրջային վայրերի շրջակայքը: Արցախի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ասաց, որ սա նպաստում է նրան, որ եթե նախկինում ավելի շատ երեք օրով էին գալիս Արցախ, այժմ արդեն՝ 4-5 օրով:
Արտակ Գրիգորյանը նաև նշեց, որ վերջին տարիներին ավելացել է Արցախի թանգարանների թիվը:
Հարակից հրապարակումներ`
- «Obsis art» ընկերության տնօրեն. Մաքսային ձևակերպումները հոգնեցուցիչ են
- «Բարվա»-ի ստեղծած համակարգը կարող է փրկել մրգատու այգիները ցրտահարությունից. Արամ Վարդանյան
- ՊՆ-ն փորձարկում է «UnicumArm» -ի արտադրած ռազմական նշանակության տեխնիկան. Տ.Բալոյան
- «ԱրմԹաբ»-ների, «ԱրմՖոն»-ների նկատմամբ բավականին հետաքրքրվածություն կա. Ա. Ոսկանյան
- Հայկական տնտեսության «զորահանդեսը»՝ «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին