Երկրպագուները Մոուրինյոյից պահանջում են Ռունիին նստեցնել պահեստայինների նստարանին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նոր ակումբում առաջին անգամ է բախվում հանրության ճնշման հետ։ Անընդմեջ երեք պարտությունից հետո Մոուրինյոն հարվածներն իր վրա է վերցնում։ «Կարմիր սատանաների» երկրպագուները, ինչպես նաև ֆուտբոլային վերլուծաբաններն անհաջողությունների մեջ մեղադրում են որոշ ֆուտբոլիստների, և այդ առումով բոլորից շատ բաժին է հասել Ուեյն Ռունիին։
Ֆանատների «Red Issue» կազմակերպության կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների 90 տոկոսը կարծում է, որ Մոուրինյոն պետք է Ռունիին հեռացնի հիմնական կազմից։ Հարցման ենթարկվածներից ոմանք նույնիսկ պահանջում են Ռունիին հեռացնել թիմից։
Պորտուգալացի մասնագետի համար օրեցօր ավելի ու ավելի է դժվարանում սեփական գծի առաջ մղումը, և սպասվում է, որ, այնուամենայնիվ, կենթարկվի տրիբունաների պահանջին։ Այս մասին հայտնում է isport.ua-ն՝ հավելելով, որ հաջորդ խաղում Ռունին չի հայտնվի մեկնարկային կազմում։
Երկրպագուների համբերության վերջին կաթիլը Ռունիի սարսափելի խաղն էր «Ուոտֆորդի» հետ հանդիպման ընթացքում։ Թիմի ավագը չափազանց հաճախ էր սխալվում փոխանցումներ կատարելիս։
Ձախողված հանդիպման համար քննադատության է ենթարկվել նաև ձախ պաշտպան Լյուկ Շոուն։ Նրա մեղքը բաց թողած երկրորդ գոլի մեջ ակնհայտ է, քանի որ հենց նա չկարողացավ պահել Նորդին Ամրաբատին, որից սկսվեց գոլային գրոհը։ Այդ դրվագից 2 րոպե անց Մոուրինյոն փոխարինեց Շոուին, սակայն դա նրան ու մարզչին չփրկեց խիստ քննադատությունից։ Միանգամայն հնարավոր է, որ Լյուկը նույնպես չի մասնակցի հաջորդ հանդիպմանը։
Նույնիսկ այն դեպքում, եթե ռոտացիան որևէ արդյունք չտա, պորտուգալացին, միևնույն է, կշարունակի ստանալ Գլեյզերների ընտանիքի լիակատար աջակցությունը։ Ակումբի սեփականատերերը կշարունակեն ներդրումներ կատարել՝ նոր ֆուտբոլիստների հրավիրելու համար։
Այսպիսով՝ սպասվում է, որ ձմռանը «ՄՅու»-ն կրկին կմտնի տրանսֆերային շուկա։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա