Մեր սահմաններն ամուր են՝ իմ ընկերներն են պաշտպանում. Տանկիստ Ռաֆիկ Կրպեյան
Տանկիստ Ռաֆիկ Կրպեյանն, ով ապրիլյան պատերազմի օրերին իր անձնակազմի հետ խոցել է հակառակորդի մեկ տանկ, այսօր պարգևատրվեց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ «Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար»:
Նա մոտեցավ, Հանրապետության նախագահից ստացավ իր պարգևը, ու ամբողջ ընթացքում հուզված էր:
«Այս ամբողջ ընթացքում հիշեցի իմ ընկերներին, իմ զոհված ընկերներին: Հիշողություններ արթնացան իմ մեջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց 20-ամյա Կրպեյանը:
Նա նշեց, որ եթե կրկին նման իրավիճակում հայտնվեր, կաներ այն, ինչ արել է:
«Եթե նման բան կրկնվի, անպայման գնալու եմ, լինելու եմ իմ ընկերների կողքին: Վերջերս գնացել էի Թալիշ, տեսա իմ ընկերներին: Ասում են՝ ամեն ինչ նորմալ է: Մեր սահմաններն ամուր են՝ իմ ընկերներն են պաշտպանում»,- ասաց Ռաֆիկը:
Նա չէր ցանկանում մանրամասներ ներկայացնել կոնկրետ ռազմական գործողություններից, հիշել իր զոհված ընկերներին, միայն ասաց. «Մեզ ցույց են տվել թշնամու տանկը, մենք նկատել ենք ու անձնակազմով խոցել»:
«Բոլորս էլ մտածում էինք՝ ամեն ինչ լավ է լինելու, հետ ենք գնալու մեր ծնողների մոտ: Բայց ոչ բոլորը կարողացան հասնել իրենց ծնողներին»,- ասաց Ռաֆիկ Կրպեյանը:
Այժմ նա սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ համարում, որ մեծ բան եմ արել. Գնդապետ Գրիգորի Սահակյան
- Պերճ Զեյթունցյան. Մեր ժողովրդի երազանքներն երբեմն իրականանում են
- Պարգևատրման արարողություն` ՀՀ նախագահի նստավայրում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում