Հայաստանն ու Արցախը ներկայացված են «IFTM Top Resa-2016» միջազգային ցուցահանդեսում
Սեպտեմբերի 20-23-ը Փարիզում՝ «IFTM Top Resa-2016» ամենամյա միջազգային ցուցահանդեսին հայկական 7 ընկերություններ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում են Հայաստանն ու Արցախը, որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություններ:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ «IFTM Top Resa»-ն աշխարհում ոլորտի խոշորագույն իրադարձություններից է, որին մասնակցում են արտագնա զբոսաշրջությամբ զբաղվող գործակալություններ, հյուրանոցային և ռեստորանային ծառայություններ մատուցողներ, փոխադրող ընկերություններ և ծրագրավորողներ։ Ոլորտի այս խոշոր իրադարձությանը մասնակցում է 32 հազար գործարար ու մասնագետ՝ 158 երկրից, ինչը ցուցահանդեսը հարթակ է դարձնում եվրոպացի գործընկերների հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:
«Եվրոպան Հայաստանի համար թիրախային շուկա է, և դեպի Երևան եվրոպական ավիափոխադրողների կողմից իրականացվող ուղիղ չվերթերը մրցունակ ու առավել գրավիչ են դարձնում հայկական ուղղությունը: Բացի այդ, եվրոպացի զբոսաշրջիկները գնահատում են էկոլոգիապես մաքուր սնունդը, պատմաճարտարապետական հուշարձանների առկայությունը, որոնցով այդքան հարուստ են հայկական երկու պետությունները: Կարծում եմ, այս ամենը կնպաստի հայկական զբոսաշրջային արդյունքի առաջխաղացմանը ֆրանսիական շուկայում»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:
«IFTM Top Resa»-ն քառօրյա միջոցառում է, որը հիմնադրվել է 1978-ին ֆրանսիական Դովիլ քաղաքում՝ սկզբնապես ներառելով միայն հանգստին ուղղված զբոսաշրջային առաջարկներ։ Հետագայում միջոցառումն ընդլայնել է շրջանակը՝ դառնալով բազմաթիրախ շուկայական իրադարձություն և անցկացվում է Փարիզում։