Իրանը բացահայտել է Ադրբեջանի կողմից պատմությունը կեղծելու հերթական փորձը
Իրանական «Ազարիհա.օրգ» կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի դպրոցական դասագրքերում հերթական կեղծիքն է տպագրվել, որն այս անգամ վերաբերում է Սեֆյանների դինաստիայի հիմնադիր Շահ Իսմայիլին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար նախատեսված դասագրքում Շահ Իսմայիլին վերաբերող հատվածում առկա նկարում Շահ Իսմայիլի ձեռքին Օսմանյան կայսրության դրոշն է՝ կանաչ գույնի վրա պատկերված լուսինը: Այնինչ Սեֆյանների դրոշի վրա պատկերված է արև և առյուծ (Շիրխորշիդ): Եվ սա այն դեպքում, որ Օսմանյան Կայսրությունը Սեֆյանների հիմնական թշնամին է եղել:
«Հարց է առաջանում, այդ դասագրքի հեղինակներն ի՞նչ նպատակով են Շահ Իսմայիլին վերագրել Օսմանյան կայսրության դրոշը: Արդյո՞ք ադրբեջանցիները փորձել են այդ կերպ ծառայություն մատուցել իրենց մեծ եղբորը: Թե՞ Ադրբեջանում Իրանի «Շիրխորշիդ»-ից վախենում են»,-հարցնում է հոդվածագիրը:
Իրանական աղբյուրը, հեգնելով Ադրբեջանի կողմից պատմությունը կեղծելու քաղաքականությունը, հավելում է. «Ադրբեջանցիներին հավաստիացրել են, որ նրանք անցյալում մի քանի կայսրություն են ունեցել, սակայն ծիծաղ առաջացնող այդ ստերը Բաքվում լուրջ են ընդունում, հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի մամուլը, համալսարանները, մտավորականներն Իրանում Ադրբեջանի դեսպանությունից պարզաբանումներ պահանջեն, թե ինչո՞ւ են Ադրբեջանի դասագրքերում պաշտոնապես հակաիրանական բովանդակությամբ նմանատիպ նյութեր հրապարակվում»:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ըստ իրանական կողմի՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին «ադրբեջանցի» ներկայացնելուց՝ յուրացնում է նաև իրանական մշակութային արժեքները, ինչպիսիք են՝ թառ երաժշտական գործիքը, ճոկան (Polo) մարզախաղը, «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը», «Կասպիական ձին», իրանական գորգերը, մանրանկարչության արվեստը և այլն: