«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը մի քանի խախտում է գրանցել Ջրառատում
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ավագանու թեկնածուներ է առաջադրել Նոյեմբերյանում, համայնքապետի թեկնածու Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում: Նոյեմբերյանի ավագանու կազմում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կունենա 2 անդամ, իսկ Ջրառատում նրանց թեկնածուն՝ Արման Ղուկասյանը պարտվել է:
«Ինչպե՞ս ենընթացել ՏԻՄ ընտրությունները. ամփոփ գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, որ Ջրառատում քվեարկության ընթացքում մի քանի խախտումներ են իրենք գրանցել, սակայն դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրություններ կազմել:
«Ընտրատեղամասի մոտ կուտակումներ կային: Մի քաղաքացի եկավ ու տեսավ, որ իր փոխարեն արդեն քվեարկված է: Հանձնաժողովի անդամը բացատրեց, որ տեղի է ունեցել շփոթմունք: Մենք պահանջեցինք արձանագրություն կազմել, սակայն հրաժարվեցին»,-տեսած ու գրանցած խախտումները թվարկեց նա:
Դ. Խաժակյանի խոսքով, քվեաթերթիկները հաշվելու ընթացքում տուփից դուրս են եկել դատարկ ծրարներ, բացի այդ էլ ավագանու ընտրության ծրարի մեջ եղել են համայնքապետի ընտրության քվեաթերթիկներ:
«Գիտենք, որ դատարկ ծրարները կարուսելի հայտանիշն են: Մենք պահանջեցինք, որ հանձնաժողովն արձանագրություն կազմի: Այս անգամ էլ հրաժարվեցին: Տեսանյութով ֆիքսված է»,-ասաց նա, ավելացնելով, որ արձանագրություն կազմելու պահանջ էին ներկայացնում նաև դիտորդներն ու վստահված անձինք:
Հարցին, թե խախտումները որևէ կերպ ազդե՞լ են քվեարկության արդյունքների վրա, Դ. Խաժակյանը նշեց, հնարավոր է՝ էական ազդեցություն ունենային:
Նշենք, Ջրառատ գյուղում համայնքապետի գրանցված չորս թեկնածուներից «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Արման Ղուկասյանն առավել քիչ թվով ձայներ է հավաքել: Նրան կողմ է քվեարկել 82 ընտրող:
ՀՀԿ-ական ինքնաառաջադրված գյուղապետ Սամվել Գալստյանի օգտին, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, քվեարկել է 647 ընտրող, անկուսակցական Հակոբ Մելքոնյանի օգտին՝ 394 ընտրող, անկուսակցական Տիգրան Խաչարյանի օգտին՝ 120 ընտրող:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան