Հովհաննես Ներսեսյանը Պավել Լիսիցյանի անվան վոկալիստների 4-րդ միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ աստիճանի դափնեկրի դիպլոմի
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Ներսեսյանը Պավել Լիսիցյանի անվան վոկալիստների 4-րդ միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ աստիճանի դափնեկրի դիպլոմի: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին օպերային թատրոնից:
Մրցույթն անցակցել է սեպտեմբերի 14-18-ը Վլադիկավկազում: Մրցույթին մասնակցել են 16 երկրից՝ Հայաստան, Ուկրաինա, Ուզբկստան, Գերմանիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Չինաստան, Մոնղոլիա և այլն, կատարողներ:
Այս տարի մրցույթը նվիրված է եղել ԽՍՀՄ ժող. արտիստ Պավել Լիսիցյանի ծննդյան 105-ամյակին:
Օպերային երգիչ (բարիտոն), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Պավել Լիսիցյանը (1911թ. Վլադիկավկազ - 2004 թ., Մոսկվա) սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայում, 1960 թ-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան: 1935–37 թթ-ին Լիսիցյանը եղել է Լենինգրադի Փոքր օպերային, 1937–40 և 1941–43 թթ-ին՝ Երևանի օպերայի և բալետի, 1940 և 1944–66 թթ-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնների մեներգիչ: 1967–73 թթ-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Լավագույն դերերգերից են՝ Թաթուլ (Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ»), Արշակ Բ (Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»), Սկարպիա (Ջակոմո Պուչչինիի «Տոսկա»), Օնեգին, Մազեպա, Ելեցկի և Տոմսկի, Ռոբերտ (Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Մազեպա», «Պիկովայա դամա», «Իոլանտա»), Ժերմոն, Ամոնասրո (Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», «Աիդա»), Էսկամիլիո (Ժորժ Բիզեի «Կարմեն») և այլն: Հանդես է եկել նաև համերգներով, կատարել Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի ռոմանսները, հայ և օտար կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Հովհաննես Ներսեսյանը 2014 թ.-ից աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգիչ: Նա մի քանի մրցույթներում արդեն արժանացել է մրցանակների՝ Դասական երաժշտություն բնագավառում՝ «Երգեցողություն» անվանակարգում, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի մրցանակակիր և ոսկե մեդալակիր, Մարիա Բիեշուի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր (Քիշինև, Մոլդովա), «Օպերան առանց սահմաննների» երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր (Կրասնոդար, ՌԴ), Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր (Տիխվին, ՌԴ):