Քվեարկությամբ որոշվելու են լավագույն ստեղծագործությունները
Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսի մասնակից նկարիչները սեպտեմբերի 22-ին կամ 23-ին պետք է այցելեն Նկարիչերի միություն՝ մասնակցելու քվեարկությանը, որի արդյունքում որոշվելու են Հայ կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցույթի հաղթողները:
Նշենք, որ մրցույթը հայտարարել է Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ սփյուռքի նախարարությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ նկարիչների միության անդամները և սփյուռքահայ նկարիչները:
Մրցույթին ներկայացված աշխատանքները ցուցադրված են Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսում, որը բացվել է սեպտեմբերի 16-ին:
Panorama.am-ի հետ զրույցում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ մրցանակներ են տրվելու հետևյալ անվանակարգերում՝ գեղանկար (4 մրցանակ), քանդակ (3 մրցանակ), գրաֆիկա (2 մրցանակ), դեկորատիվ կիրառական արվեստ (1 մրցանակ):
Մրցանակային ամբողջ գումարը կազմում է 44 միլիոն դրամ: