Ոչ թե անկախության, այլ վերանկախացման 25 տարի. Պատմաբան
Մենք ոչ թե անկախության 25-րդ տարում ենք, այլ վերանկախացման 25-րդ տարում: Որպես պատմաբան եմ ուզում ընդգծել, քանի որ շատերի մոտ մտայնություն կա, որ մենք վերջին 25 տարվա ընթացքում ենք անկախ,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Անկախության տոնին նվիրված համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:
Նա նշեց, որ հայոց պետականության ունի հազարամյակների պատմություն և այդ իմաստով շղթան շարունավել է, հասել նորագույն շրջանում վերանկախացման շրջանի:
«Ամենակարևորը՝ անկախությունը մենք նորագույն ժամանակներում վերականգնել ենք 1918 թվականի մայիսի 28-ին և այդ անկախության խորհուրդը փոխանցվել է նույնիսկ Խորհրդային Հայաստանին, երկրորդ հանրապետությանը, երրորդ հանրապետությունը հանդիսացել է առաջինի, երկրորդի օրգանական շարունակությունը»,- ասաց պատմաբանը:
Ի՞նչ է տվել անկախությունը:
«Առաջին հերթին անկախության սերունդ, որը երբևէ չի տեսել օտար տիրապետություն և այս 25 տարվա ընթացքում նրա մոտ ձևավորվել է պետական մտածողություն, որին երբեք անհնարին է վերադարձնել նորից կախյալ Հայաստանի ժամանակները: Իսկապես անկախությունն աստվածային շնորհ է, պետք է այս մարտահրավերների, սպառնալիքների ժամանակաշրջանում փայփայել, ապահովել մեր վաղվա ապագայի օրը»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան