Հնարավոր չէ անջատել Արցախի հարցն անկախության ճանապարհից. Ռուբեն Բաբայան
«Հայաստանի թե ինքնիշխանության, ինքնուրույնության մակարդակը, թե անկախության ճանապարհը մեծ չափով քաղաքական իմաստով կախված էր ղարաբաղյան խնդրի շուրջ կատարվող զարգացումներից, դա ակնհայտ էր»,-այսօր «Անկախություն. գիտակցված արժեք, թե՞ վերարժևորելու հրամայական» թեմայով հանրային քննարկման ժամանակ այս մասին նշեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ըստ նրա՝ նույնիսկ մեր տնտեսական քայլերի նկատմամբ ծրագրերը զգալի չափով կախված էին նրանից, թե ղարաբաղյան խնդրի շուրջ տվյալ պահին ինչ զարգացում կա և ուժերի դասավորությունն ինչպիսին է. «Կարծում եմ, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունները նույնպես զգալի չափով պայմանավորված են ղարաբաղի շուրջ կատարվող արտաքին զարգացումներից և դրանց մեջ փոփոխություններ կատարելու Հայաստանի դիվանագիտական կարողություններից»:
Նրա կարծիքով՝ պետք նախապատրաստել, վերադասավորել մեր քայլերը, թեկուզ դրանց վրա կարող են հակահարվածներ լինել. «Մենք ոնց որ սպասում ենք դիպվածի և դրա արձագանքին: Մեր ամբողջ անցած ուղին զգալի չափով կախյալ է եղել ղարաբաղյան խնդրի ընթացքից և շարունակում է կախյալ մնալ, մյուս կողմից էլ մեր ամբողջ անցած ուղին ավելի շատ կախյալ է եղել ղարաբաղյան խնդրի հանդեպ արտաքին զարգացումներից, քան մեր հասունացրած մոտեցումներից ու լուծումներից»:
Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան ևս նշեց, որ հնարավոր չէ անջատել Արցախի հարցն անկախության ճանապարհից. «Երբ մենք ընկալում էինք ղարաբաղյան շարժումը անկախության շրջանակներում, դա քաղաքակրթական մի դաշտ էր, որտեղ հանգիստ տեղավորվում էին և Հայաստանը, և Արցախը: Հենց որ մենք սկսեցին ղարաբաղյան հարցը տեղափոխել ուրիշ քաղաքական դաշտ, այստեղ մեր դիրքերը սկսեցին ահավոր թուլանալ, իսկ երբ թուլանում են քո դիրքերը, դու ակտիվորեն ման ես գալիս քեզ պաշտպանող հովանավոր: Մենք մեր իշխանություններից պարզ ու հստակ պատասխան չենք ստացել, թե ինչ ենք ուզում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե փորձում ենք բոլորին «ֆռցնել», աշխարհին ասում ենք, որ մի բան ենք ուզում, բայց իրականում այլ բան ենք ուզում: Այդպես չի լինում, մեզ ոչ ոք չի հավատա»:
Բաբայանի դիտարկմամբ՝ հենց սկսում ենք ղարաբաղի հարցը բերել նմանենցնել Ղրիմի հարցին, Հարավային Օսեթիայի հարցին, մենք ահավոր թուլացնում ենք մեր դիրքերը. «Մեր դիրքը անկախություն, ազատություն, ժողովրդավարություն քաղաքակրթական դաշտի մեջ է, որտեղ պետք է գտնվի և Արցախը, և Հայաստանը, սա կլինի իրական միացումը»:
Սրան ի պատասխան, ազգագրագետ Խառատյանը հավելեց. «Եթե մեր երկիրը կարողանար գնար ժողովրդավարության, ազատության արժեքներով, ղարաբաղյան հարցի շուրջ մեզ արտաքին աշխարհը այդքան նեղը գցելու հնարավարություն չէր ունենա»: