Համոզված եմ, որ Հայաստանը կարող է զարգացած տնտեսություն ունենալ. Գագիկ Մակարյան
Այսօր ՀՀ անկախության օրն է, լավագույն առիթը՝ խորհելու 25-ամյա պատմության շուրջ, գնահատելու երկրի ուղին, այս ընթացքում ունեցած տնտեսական հաջողություններն ու կորուստները:
Հայաստանի տնտեսությունն անկախության 25 տարիների ընթացքում անցել է բազմաթիվ փորձությունների միջով: Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրեց անկախ Հայաստանի տնտեսական ձեռքբերումերն ու բացթողումները:
Գագիկ Մակարյանի խոսքերով՝ այսօր ունենք կայացած տնտեսական համակարգ, թեև այս տարիների ընթացքում բազմաթիվ դժվարությունների, փորձությունների միջով ենք անցե. «Այդուհանդերձ, մեզ հաջողվել է ձևավորել այն տնտեսությունը, որը հենք կհանդիսանա մեր պետական զարգացման համար»:
Ամենագլոբալ ձեռքբերումը նա համարում է այն, որ Հայաստանը բացարձակապես անցել է շուկայական տնտեսության՝ ի տարբերություն ԱՊՀ մի շարք երկրների:
Դրա շնորհիվ, ըստ Գագիկ Մակարյանի, Հայաստանում 25 տարիների ընթացքում բավականին կայացել է մասնավոր բիզնեսը: «Կապ չունի, որ բիզնեսը հայտնվել է բազմաթիվ խոչընդոտների առաջ, գտնվել է տարբեր տանջանքների, տվայտանքների մեջ, բացվել կամ փակվել են բիզնեսներ: Այսօր մենք ունենք կայացած տնտեսական համակարգ, կայացած բիզնեսներ: Խորհրդային ժամանակներում սեփականատեր, մենեջմենթ հասկացությունը չկար, իսկ այսօր կան կայացած բիզնեսմեններ, կայացած մենեթմենթ»,- ասաց նա:
Այսպիսով, ըստ նրա, Հայաստանը փորձում է աշխարհում երևացող երկիր դառնալ. «Հայերը տարիներ շարունակ տառապում էին մի հիվանդությամբ, թե բոլորն իրենց գիտեն: Բայց տնտեսական առումով Հայաստանը դեռ ներկայանալու խնդիր ունի»:
Ինչ վերաբերում է բացթողումներին, Գագիկ Մակարյանը նշեց, որ դրանք, իհարկե բազմաթիվ են, բայց ամենակարևոր բացթողումն այն է, որ չենք կարողանում մեր պոտենցիալը ճիշտ գնահատել: «Դա համարում եմ լուրջ բացթողում: Չեն գնահատում մեր ժողովրդի աշխատասիրությունն ու այլ հատկանիշները, անցել ենք կոռումպացված երկիր դառնալու տարբերակին, որի հետևանքով այսօր ստվերը Հայաստանի տնտեսությունում զգալի մաս է կազմում», - ասաց Գագիկ Մակարյանը:
Այդուհանդերձ, Հայաստանի գործատուների միության նախագահը համոզված է, որ Հայաստանը կարող է զարգացած տնտեսություն ունենալ: «25 տարին մեծ ժամանակ էր, երկրներ կան, որ 20 տարում լուրջ հաջողությունների են հասել՝ հատկապես կրթության շնորհիվ: Կրթությունը նաև հակակոռուպցիոն մեխանիզմ կարող է դառնալ: Կրթված մենեջերը, պաշտոնյան կարող են արդյունավետ աշխատել: Ցավոք սրտի, հայերն ունենալով կրթվելու ցանկություն, չկարողացան այդ հաջողությանը հասնել: Սա էլ եմ լուրջ բացթողում համարում, մինչդեռ կրթության շնորհիվ մեր տնտեսությունը կարող էր շատ ավելի լավ դիրքերում գտնվեր»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին