Ինքն աջլիկ էր, բայց ձախ կողմից է եղել հրազենից հարվածը. ԲՀԿ-ականը՝ թեկնածուի որդու մահվան մասին
Գյումրու ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահը և դրա վերաբերյալ իրավապահ մարմինների հայտարարությունները ԲՀԿ-ում հարցեր են առաջացրել:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ կուսակցությունում կատարվածը և դրանից հետո Գյումրու ընտրություններում կուսակցության հետագա քայլերը չեն քննարկվել:
«Որևէ ձև քննարկում չենք ունեցել, թե ինչպես ենք շարունակելու հետագա մեր ընտրապայքարը: Անկեղծ, մեզ համար հիմա շատ ավելի առաջնային հարցեր կան», -հավելեց ԲՀԿ-ականը:
Ինչ վերաբերում է այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը, որի համաձայն «օբյեկտիվ տվյալները հիմք են տալիս խոսել ինքնասպանության մասին», Վահե Էնֆիաջյանը տարօրինակ համարեց նման հայտարարությունը:
«Ի՞նչ փաստերի հիման վրա, փորձագիտական ո՞ր եզրակացության համաձայն են նման պնդումներ անում: Ես ինքս երեկ եղել եմ Գյումրիում, տեսել եմ Արշակի հարազատներին, ծնողներին ու շրջապատի մարդկանց. Մի բան հստակ է, որ երիտասարդը առողջական խնդիր չի ունեցել, շրջապատում ունեցել է ներդաշնակ, համերաշխ հարաբերություններ, սոցիալապես, տնտեսապես անկախ վիճակում է գտնվել: Ավելին, իր ընկերների հետ պայմանավորվել է հոր նախընտրական գործողություններին օգնելու մասին,...: Ինքը աջլիկ է, բայց ձախ կողմից է եղել հրազենից հարվածը: Որևիցե թղթի վրա գրառում չի եղել, որ ինքը ինչու է գնում այդ քայլին: Ես հիմա ինչի՞ն հավատամ», -կասկածներ հայտնեց պատգամավորը:
Նրա կարծիքով, դատախազը չպետք է նման վստահ պնդում անել. «Գոնե ասեր նախնական տվյալներով…Չի կարելի չէ: Ինչի՞ են հիմիկվանից կարծիք ձևավորում, կողմնորոշում»:
Ավելի վաղ Քննչկանակ կոմիտեն տեղեկարցել էր, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ա. Գրիգորյանի դիակը։
Քննչական կոմիտեն հաղորդել էր նաև, որ ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքն ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի արդյունքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին (ինքնասպանության հասցնելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք կրելը)։
Հարակից հրապարակումներ`
- ԲՀԿ-ական թեկնածուի որդու մահը որևէ կերպ կապված չէ Գյումրու քաղաքական գործընթացների հետ. Գլխավոր դատախազ
- ԲՀԿ թեկնածուի որդու մահվան դեպքով քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով
- ԲՀԿ-ական թեկնածուի որդուն հրազենային վիրավորումով հայտնաբերել են իրենց տան նկուղում
- Գյումրիում սպանվել է ավագանու ԲՀԿ թեկնածուի որդին