Բացառիկ բախտավոր սերունդ ենք. Արցախի մշակույթի նախարար
«Մեծ հպարտություն է ու մեծ տոն ողջ հայության համար: Բացառիկ բախտավոր սերունդ ենք, որովհետև մեզ է վիճակվել ոչ միայն վերականգնել հայկական պետությունը, այլ ստեղծել երկրորդ հայկական պետություն», -Panorama.am-ի հետ զրույցում Անկախության 25-ամյակի տոնական միջոցառման ժամանակ ասաց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Նրա խոսքով, յուրաքանչյուրը պատասխանատու է պետությունը հզորացնելու համար:
Տիկին նախարարն ասաց, որ երկու հայկական պետությունների մշակութային համագործակցությունը շարունակական է ու համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում:
«Կարծում եմ, որ պետք է ավելացնենք ու զարգացնենք այդ համագործակցությունը», -նկատեց Աղաբալյանը:
Անդրադառնալով Արցախի և մյուս պետությունների միջև մշակութային համագործակցությանը, տիկին Աղաբալյանն ասաց, որ չճանաչված երկիրը խնդիրներ ունենում է, բայց դա ամենևին էլ խոչընդոտ չէ:
«Մենք երբևէ չենք կանգնել այդ խնդրի առջև, այսինքն՝ միշտ էլ գտել ենք համագործակցության եզրեր: Կարևորը այն չէ, թե ինչքան է այդ համագործակցությունը, կարևորը այն է, որ մենք համագործակցում ենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր գաղափարապես գիտեն, ճանաչում են Արցախը ու գիտեն՝ հանուն ինչի է անհրաժեշտ այդ համագործակցությունը», -հավելեց նախարարը: