«Հասարակությունն այսօր սկսել է ավելի բովանդակային ընկալել անկախությունը». քննարկում
Սա ոչ միայն ողջ հայ ազգի, այլ Հայաստանի բոլոր քաղաքացիների տոնն է,-այսօր «Անկախություն. գիտակցված արժեք, թե՞ վերարժևորելու հրամայական» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Մենք մեծագույն ձեռքբերումներ և կորուստներ ունենք այս տարիների ընթացքում, դրանք էլ հիմա շարունակվում են: Մենք ունենք արժանապատվություն, ունենք երկիր ու պատասխանատվություն այդ երկրի նկատմամբ: Միևնույն ժամանակ ունենք այդ երկուսի պակասը, սա պարադոքսալ է»,-նշեց ազգագրագետը:
Բացթողումներն, ըստ նրա, եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով. «25 տարի առաջ հասարակական պատկերացումն այն էր, որ անկախացումից հետո երկրի քաղաքացիները հավասարապես պետք է պատասխանատու լինեին երկրի համար, հավասարապես պիտի մասնակցեին երկրի կյանքին, հավասարապես նեղվեին նրա համար, բայց սա խախտվեց դեռևս 93-94 թվականներից: Սա մեր մեծագույն կորուսներից մեկն էր»:
Խառատյանի խոսքով՝ այսօր յուրաքանչյուրս մեր չափաբաժին անկախությունը կորցնում ենք մեր անպատասխանատվության պատճառով:
Քննարկմանը ներկա Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ շնորհավորելով բոլորին անկախության օրվա առթիվ, նշեց, որ սա Հանրապետության ամենակարևոր տոնն է:
Արձագանքելով Հ. Խառատյանի պատասխանատվության մասին դիտարկմանը, Բաբայանն ասաց. «Շատ կարևոր է այդ «մենքի» պատասխանատվությունը տարածել «եսի» վրա: «Մենքի» դեպքում հեռացնում ենք ինքնուրույն պատասխանատվությունից: Եթե «ես»-ը չունի պատասխանատվություն, «մենք»-ը ևս չի ունենա»:
Ըստ Բաբայանի մոտեցման՝ 25տարի առաջ Անկախության հռչակումը հանրության կողմից ստացավ ավելի դեկլարատիվ բնույթ՝ ՄԱԿ-ում Հայաստանի դրոշը կբարձրացվի և այլն:
«Անկախության հռչակումից հետո մարդիկ չգիտեին ինչ կարելի է անել, չգիտեին ինչպես երկրի «պորտալարը» կտել ու շարժվել առաջ: Սակայն այն փոփոխությունները, որոնք որ տեսնում եմ մեր հասարակության մեջ վերջին երեք տարիներին, տանում է ճիշտ ուղով: Շատ արագ զարգանում է հասարակական գիտակցումը: Մարդիկ հասկանում են, որ իրենք են պատասխանատու իրենց ճակատագրի, երկրի համար, իրենք են պահանջատեր, որ պետք չէ փնտրել փրկիչ, հովանավոր, որ քեզ հետ ոչ ոք հաշվի չի նստի, եթե թույլ եղար: Երբ այս գիտակցումը կդառնա ավելի լայն, հնարավոր չէ, ու Հայաստանի քաղաքական դաշտում փոփոխություններ չկատարվեն»:
Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարի կարծիքով՝ հասարակությունն այսօր սկսել է ավելի բովանդակային ընկալել Անկախությունը, հասկանում է, որ շքերթ, շնորհավորանքներ սեպտեմբերի 21-ին, մայիսի 28-ին, բոլորը լոզունգներ են: