Վենետիկի հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով քննադատությունը Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը հանրաքվեի է դրվելու այս կիրակի՝ սեպտեմբերի 26-ին, կարելի է գնահատել որպես «շատ խիստ»։
Ինչպես նշվում է ԵԽ կայքում, քննադատության թիրախում են հայտնվել այն փոփոխությունները, որոնք լրացուցիչ լիազորություններ են տալիս նախագահին, նրա կառավարման ժամկետը, ինչպես նաև փոխնախագահի պաշտոնի ներկայացումը, որը լինելու է նշանակովի։ Մտահոգություններ են առաջացնում նաև մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։
«Ադրբեջանի Սահմանադրության նախագծի փոփոխությունները բացասական են և հակասում են Եվրոպական սահմանադրական ժառանգությանը»,-նշել է Վենետիկի հանձնաժողովը։
Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած կարծիքում քննադատության է ենթարկվում բարեփոխումների ընդունման կարգը, հատկապես այն, որ խորհրդարանը պաշտոնապես ներգրավված չի եղել գործընթացում, ինչպես նաև՝ հանրային քննակումներին տրված անբավարար ժամանակահատվածը։
Մարդու իրավունքների հետ կապված առաջացել են մտահոգություններ, որ Սահմանադրության փոփոխություններով առավել սահմանափակվում է հավաքների, միավորման և խոսքի ազատությունները։
Սահմանադրական բարեփոխումների նախագծով առավել է թուլացվում խորհրդարանը և անգամ դատական համակարգը՝ կոնսոլիդացնելով նախագահի արդեն իսկ անհամաչափ իշխանությունը և կառավարությանը դարձնելով առավել պակաս հաշվետու։
Նախագահի մանդատի երկարաձգումը 5-ից 7 տարի, նախագահի՝ փոխնախագահներ նշանակելու և նախագահական վաղաժամ ընտրություններ անցկացնելու իրավունքներն աննախադեպ են նույնիսկ համեմատական կտրվածքով և չունեն ոչ մի արդարացում Ադրբեջանի համատեքստում։
Նշենք, որ Ադրբեջանը Սահմանադրական փոփոխությունների իրականացման գործընթացում չի համագործակցել նաև Վենետիկի հանձնաժողովի հետ։ Սեպտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն է խնդրել Վենետիկի հանձնաժողովին տրամադրել կարծիք Ադրբեջանում Սահմանադրության բարեփոխումների նախագծի վերաբերյալ։
Չնայած այսպիսի քննադատական կարծիքն՝ ԵԽԽՎ-ն կրկին որոշել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջան , որը գլխավորելու է Մակեդոնիայի պատգամավոր Ալեքսանդր Նիկոլսկին։ 7 հոգուց կազմված պատվիրակության մեջ ընդգրկված են իտալացի Անդրեա Ռիգոնին, բուլղարացի Յանակի Ստոիլովը, իսպանացի Անտոնիո Գուտիերեսը, լեհ Դոմինիկ Տարչինսկին և Ադրբեջանի հարցով համազեկուցողներ, ավստրիացի Ստեֆան Շեննախն ու ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդան։
Դատելով դիտորդատական պատվիրակության կազմում ընդգրկված անդամների անուններից՝ արդեն իսկ կարելի է պատկերացնել, թե Ադրբեջանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ինչպիսի «դրական» գնահատականի է արժանանալու։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան