Լևոն Պաչաջյան. «25 տարի է հայերը կարող են բնակվել, արարել և իրենց մշակույթը զարգացնել սեփական հողի վրա»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, ով ներկայումս բնակվում է Շվեդիայում և հանդես է գալիս տեղի «Սոդերտելյե» թիմում, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ։
«Եվ այսպես 25 տարի առաջ Հայաստանը անկախ և ազատ պետություն հռչակվեց: 25 տարի է հայերը կարող են բնակվել, արարել և իրենց մշակույթը զարգացնել սեփական հողի վրա։ Այո, մենք հիմա էլ ունենք շատ մեծ ներքին խնդիրներ։ Այո, մեր անկախությունը լիարժեք չէ, բայց այն մերն է...
Շատերն ասում են լիարժեք անկախություն չի էլ լինում, իսկ ինձ համար կատարյալ անկախությունն այն է, որ հայը ապրի իր երկրում, որտեղ պաշտպանված կլինեն իր իրավունքները։ Երբ նա կզգա պետության աջակցությունը, երբ նա կունենա իրավունքներ, որոնք հնարավորություն կստեղծեն աշխատել իր ընտրած բնագավառում։
Երբ միջին վիճակագրական հայը կկառչի իր հողից և չի բռնի արտագաղթի ճամփան` ավելի լավ կյանք գտնելու համար։ Երբ հայը պաշտպանված կզգա թե ներսում, թե դրսում։ Որտեղ արժանապատիվ կրթություն և բժշկություն կլինի։ Որտեղ կծաղկեն սպորտն ու մշակույթը, գիրն ու գրականությունը...
Եվ ես հավատում եմ, որ մի օր Հայաստան կոչված այդ փոքր տարածքում վերջապես կստեղծվի մարդու համար ծառայող հզոր և օրենքի ուժով շարժվող պետականություն, որը մեր անկախությունը կատարիալ կդարձնի։
Ես երբեք չեմ կասկածել մեր բանակի ունակությունների վրա և համոզված եմ, որ այն պաշտապնել ու պաշտպանելու է մեր սահմանները ցանկացած վտանգից: Փառք մեր բանակին և շնորհավոր մեր Անկախության 25 ամյակը: Եկեք 25 տարին դարձնենք 250, 250-ը` 2500, 2500-ը` անվերջություն... »,- գրել է Պաչաջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա