Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին պայման է ներկայացրել
Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին ուղղված ԱԺ վանաձորցի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի միավորվելու մասին երեկվա կոչ-հայտարարությունը կրքեր է բորբոքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:
Հիշեցնենք՝ երեկ Մարուքյանը հայտարարությամբ առաջարկ էր ներկայացրել ընդդիմադիր ուժերին դուրս գալ ՀՀԿ-ի դեմ, հաղթել այդ կուսակցությանը և Վանաձորում ձևավորել «բազմակուսակցական տեղական իշխանություն` բերելով համագործակցային կառավարման նոր մշակույթ»:
«Մենք պատրաստ ենք մի կողմ դնել բոլոր ներկա և նախկին տարաձայնությունները և միավորվել՝ հանուն ավելի բարձր արժեքի և զարգացող Վանաձորի: Ժամանակը սուղ է, հուսով ենք՝ մեր առաջարկը կստանա դրական արձագանքներ և մենք միավորված կհաղթենք Հանրապետական Կուսակցությանը», -հայտարարել էր նա:
Այս հայտարարությունը բավական բուռն ընդունեցին նույն Վանաձորում ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:
Մասնավորապես, ներկայացնելով ՔՊ պաշտոնական տեսանկյունը, ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը իր հերթին «Լուսավոր Հայաստան»-ին ներկայացրել էր պայմաններ, որոնցից մեկը՝ նախագահի իմպիչմենտի հարցը այսօր, որպես նախագիծ, մտցնել Ազգային Ժողով։
Պայմանների կատարման դեպքում ՔՊ-ն կստորագրի իմպիչմենտի նախագծի տակ և Վանաձորում ինքնաբացարկ կանի հօգուտ «Լուսավոր Հայաստան»-ի՝ ակնկալելով բանակցությունների սկիզբ ԼՀ-ի հետ մեկ կուսակցության մեջ միաձուլվելու շուրջ՝ հանուն մեկ, ուժեղ, իսկական ընդդիմության ձևավորման»:
Ավելին այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում վերահաստատել էր հօգուտ Լուսավոր Հայաստանի ընտրապայքարից դուրս գալու պատրաստակամությունը.
«Վերահաստատում ենք Վանաձորի ընտրապայքարից հօգուտ ԼՀ-ի դուրս գալու մեր պատրաստակամությունը, եթե պարզվի, որ ԼՀ-ն քաղաքական առաջնահերթություն է հռչակում Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից և որպես դրան ուղղված քայլ Էդմոն Մարուքյանը այսօրվա ընթացքում իմպիչմենտի նախագիծ ներկայացնի ԱԺ»:
Այսօր, Panorama.am-ը բազմիցս փորձեց կապվել պարոն Մարուքյանի հետ և ստանալ մեկնաբանություններ, սակայն պատգամավորը հեռախոսազանգերին պատասխանելու փոխարեն Facebook սոցիալական ցանցով տարածեց հայտարարություն, որում նշվում է հետևյալը.
«Երեկ ես կոչ էի արել Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերին՝ միավորվելու և միասնական ուժերով հաղթանակ տանելու Հանրապետական կուսակցության նկատմամբ: Չնայած, որ իմ առաջարկն առաջին հերթին վերաբերվում էր Վանաձորում ծանրակշիռ դերակատար քաղաքական ուժերին, բայց, հուրախություն բոլորիս, առաջարկիս արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և ՔՊ կուսակցությունը:
Վերջին շրջանում այդ ուժի ներկայացուցիչների կողմից ամեն բան արվել է Լուսավոր Հայաստան կուսակցությանը զրպարտելու, համագործակցության հնարավորությունները խաթարելու և կանխելու միասնաբար առաջ շարժվելու հնարավորությունները:
ՔՊ կուսակցության վերջին հայտարարություն-առաջարկը ևս կրում է ոչ թե համագործակցային բնույթ, այլ իր մեջ պարունակում է քաղաքական շանտաժի տարրեր, ինչն առհասարակ դեմ է մեր մշակույթին և արժեքներին, այնուհանդերձ, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Վանաձորում արդեն իսկ սկսվել է Հանրապետական կուսակցությանը իշխանությունից զրկելու անկասելի գործընթաց և այդ գործընթացի առաջամարտիկը Լուսավոր Հայաստան կուսակցությունն է:
Եթե Հայաստանի երրորդ ամենախոշոր քաղաքում, ՀՀԿ-ին միասնաբար հաղթելու համար, ՔՊ-ին խանգարող միակ հանգամանքը իմ՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագծին միանալու մեջ է , ապա, առանց վարանելու պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե մինչև այսօր՝ ժամը 18:00-ն, ՔՊ-ն ի պաշտպանություն Լուսավոր Հայաստանի ինքնաբացարկ հայտարարի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում, ապա անմիջապես դրանից հետո՝ ցանկացած պահի, պատրաստ եմ միանալ Նիկոլ Փաշինյանի հեղինակած իմպիչմենտի նախագծի տակ (ինչպես առաջարկվել է ՔՊ-ի կողմից):
Այս պահին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի միասնաբար հաղթանակ տանել Հանրապետական կուսակցության նկատմամբ, և մեր բոլորի գործողությունները պետք է միտված լինեն այդ նպատակին:
Հավատում եմ, որ այս քայլով մենք սկիզբ կդնենք միասնաբար առավել լայն քաղաքական համագործակցության մեր մեր նպատակների ու թիմերի միջև»:
Նշենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցում են Համախմբում, Հայկական Վերածնունդ, Հայ Հեղափոխական դաշնակցություն, Հայ Ազգային կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Հանրապետական, Քաղաքացիական պայմանագիր և Լուսավոր Հայաստան կուսակցությունները: Ինքնաբացարկի ժամկետը, ըստ ԿԸՀ հաստատած ժամանակացույցի, ավարտվում է այսօր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները