Վերացրեք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում. Կարեն Կարապետյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ավիափոխադրման ծառայությունների գնման գործընթացում ընտրության չափորոշիչներ հաստատելու և որոնողական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին հարցին:
Ինչպես գործադիրի նիստում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, մի քանի ամիսների փորձնական քայլերը ցույց են տվել, որ պետք է որոշակի փոփոխություններ արվեն։
Ըստ նրա՝ գնումներն արվելու են մեկ հարթակից, գնումների մասին որոշումը հաստատելու է տվյալ աշխատակազմի ղեկավարը, այն լինելու է բաց, թափանցիկ և հասարակության կողմից վերահսկելի:
«Առաջարկվել են մի քանի կանոններ, օրինակ՝ ուղիղ չվերթի, նվազագույն որակի կանոնը և այլն: Օրինակ՝ եթե ուղիղ չվերթով հնարավոր է գնել ամենաէժան տոմսից մինչև 40 տոկոս ավելի թանկ տոմս, ապա առաջարկվում է գնել այդ տոմսը և դա կհամարվի ընդունելի պետության կողմից: Մի շատ կարևոր փոփոխություն ևս տեղի է ունեցել, երբ համակարգի միջոցով պարզ է դառնում, թե որ տոմսերն են ընդունելի, ցանկացած անձ իրավունք ունի քարտով՝ էլեկտրոնային եղանակով անմիջապես ավիաընկերությունից գնել այլ տոմս, եթե այն ավելի էժան է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ առաջարկվել է ևս երկու փոփոխություն: Խոսքը վերաբերում է տոմսերի որոնման ժամանակահատվածին:
«Նախարարների համար սպասելաժամանակը սահմանվում է պլյուս, մինուս երեք ժամ, տեղակալների համար՝ պլյուս մինուս վեց ժամ, այլ աշխատողների համար՝ պլյուս, մինուս տասներկու ժամ, սակայն ուսումնասիրությունները թույլ տվեցին հանգել եզրակացության, որ մյուս բոլոր աշխատողներին՝ բացի ղեկավարներից, առաջարկել պլյուս մինուս վեց ժամ,»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադառնալով այդ փոփոխություններին՝ նշեց, որ այս համակարգը բավականին բարդ է:
«Հանձնարարական՝ մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Վերացրեք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում, այդ ամեն ինչը կարգի բերեք: Ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում՝ ուղղակի ֆանտազիայի վրա... Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն մեկ այլ տեղերում, հաստատ էֆեկտը շատ ավելի լավը կլիներ»,- նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան