Արշակ Գրիգորյանի ինքնասպանության շրջակա տարածքից առգրավվել են տեսագրությունները
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու Արշակ Գրիգորյանի ինքնասպանության հանգամանքները, շարժառիթը։ Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, նախնական քննության տվյալներով՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան նկուղում ինքնասպանություն է գործել ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և 1 գնդակ։
Որոշում է կայացվել Արշակ Գրիգորյանին տուժող ճանաչելու մասին: Կատարվել է դիակի զննություն, ըստ որի՝ դիակի աջ և ձախ քունքային շրջանում հայտնաբերվել են վերքեր, որոնցից աջ քունքային վնասվածքը, ըստ մասնագետների, մուտքային է, իսկ ձախ քունքային շրջանի վերքը` ելքային:
Առգրավվել են տուժածի, ինչպես նաև՝ նրա դիակը հայտնաբերած հարազատի հագուստները, վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց թվում՝ դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական: Հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում՝ տուժածի մերձավոր ազգականները, հարազատները, ընկերները։ Օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տարածքում առկա են տեսանկարահանող սարքեր, որոնց տեսագրություններն առգրավվել են, և նշանակվել է տեսաձայնագրային փորձաքննություն։
Քննչականը հայտնում է, որ Ա.Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին (ինքնասպանության հասցնելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք պահելը) հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։
Հարակից հրապարակումներ`
- Ինքն աջլիկ էր, բայց ձախ կողմից է եղել հրազենից հարվածը. ԲՀԿ-ականը՝ թեկնածուի որդու մահվան մասին
- ԲՀԿ-ական թեկնածուի որդու մահը որևէ կերպ կապված չէ Գյումրու քաղաքական գործընթացների հետ. Գլխավոր դատախազ
- ԲՀԿ թեկնածուի որդու մահվան դեպքով քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով
- ԲՀԿ-ական թեկնածուի որդուն հրազենային վիրավորումով հայտնաբերել են իրենց տան նկուղում
- Գյումրիում սպանվել է ավագանու ԲՀԿ թեկնածուի որդին