Կառավարությունը կստեղծի ներդրողների օպերատիվ խորհրդակցության կենտրոն
ՀՀ կառավարութունում կստեղծվի ներդրողների օպերատիվ խորհրդակցության կենտրոն: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ներդրողների հետ աշխատանքի ընդլայնված լիազորություններ ստանա: Մասնավորապես, ավելի օպերատիվ կլուծվի ներդրողներին արտոնությունների տրամադրման հարցը`մաքսատուրքից ազատումը կամ ԱԱՀ վճարումների հետաձգումները: Եթե որևէ ընկերություն չհամապատասխանի արտոնությունների տրամադրման չափանիշներին, բայց կհայտնի, որ դրանց կարիքն ունի, այդ ընկերության հարցն առանձին կքննարկվի»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Նա նաև նշել է, որ բոլոր մյուս դեպքերում ժամանակ խնայելու համար որոշումները արագացված կարգով կընդունվեն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ էկոնոմիկայի նախարարության լիազորությունների ընդլայնման համար օրենսդրական փոփոխություններ են պետք: Դրանց մշակման նպատակով ստեղծվել է աշխատախումբ: