ՀՀԿ-ի լուրջ մրցակիցը ՀՀԿ-ն է. Քաղտեխնոլոգ
«Գյումրիում և Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վրա հիմնվելով՝ արդեն կարելի է մոտավոր պատկերացում և կարծիք կազմել 2017-ի խորհրդարանական ընտրությունների մասին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ըստ նրա, ի տարբերություն մնացած բոլոր ՏԻՄ ընտրությունների, որոնք բացի լոկալ բնակչությունից, Հայաստանում որևէ մեկին չեն հետաքրքրում, այսինքն ՏԻՄ ընտրությունները երբեք քաղաքական չեն եղել, Վանաձորի և Գյումրիի ընտրությունները քաղաքական են լինելու, որովհետև մասնակցում են կուսակցություններ, ընտրվելու է ավագանի, փորձարկվելու է խորհրդարանական ընտրությունների մինիմոդելը:
«Գյումրիում և Վանաձորում վերջին կայացած ընտրություններում ՀՀԿ-ն, մեղմ ասած, լավ արդյունք չի գրանցել, որոշ դեպքերում լուրջ պարտություն է կրել: Կարծում եմ, որ տեխնոլոգիա է, որովհետև ՀՀԿ-ն հասկացել է, հատկապես վերջին կես տարում՝ ապրիլյան պատերազմից և հուլիսյան դեպքերից հետո, որ ռեսթարթ է պետք, այսպես շարունակել չի կարելի, կան շատ ու շատ վարկաբեկված կերպարներ ինչպես իշխանության ներսում, այնպես էլ հենց ՏԻՄ ընտրություններում: Այդ կերպարներին զոհաբերելով՝ փորձում են մի փոքր բարձրացնել ընդհանուր կուսակցության վարկանիշը: Սա հենց տեխնոլոգիա է»,- ասաց քաղտեխնոլոգը:
Հարցին, թե խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավո՞ր է ընդդիմադիրների շրջանում սրացում՝ մեկը մյուսից ավելի ընդդիմադիր երևալու համար, Կ. Քոչարյանն ասաց. «Անպայման: Հասկանում են, որ կա x տոկոս, որը լինելու է ընդդիմությանը, այդ x տոկոսի մեջ առավելագույն տեղեր գրավելու համար պետք է երևան առավելագույս ընդդիմադիր: Նույնը նաև իշխանության մեջ է: Իշխանության մեջ էլ սարսափելի պայքար է, քանի որ հասկանում ենք՝ կա այսքան տեղ, իսկ ցանկացողներն ավելի շատ են: ՀՀԿ-ի լուրջ մրցակիցը ՀՀԿ-ն է, իր ներսում է ամբողջ պրոբլեմը, մեջի կլանները: Խնդիր է, թե ՀՀԿ-ի որ թևը կհաղթի: Դա արդեն կերևա, երբ ՀՀԿ-ն իր ցուցակը հրապարակի»:
Նա նաև ասաց, որ մինչև խորհրդարանական ընտրությունները հնարավոր են ի հայտ գան նոր դեմքեր, չի բացառվում նաև նոր դաշինքներ:
Խոսելով ընտրազանգվածի տրամադրությունների մասին, Կ. Քոչարյանն ասաց, որ մինչև կառավարության, մասնավորապես վարչապետի փոփոխությունը, տոտալ անվստահություն էր, ոչինչ չէր հետաքրքրոմ:
«Փոփոխությունից հետո ժողովորդի մեջ տեսնում եմ զգուշավոր լավատեսություն: Բայց սա էլ ունի իր ժամանակը: Եթե կառավարությունը քայլեր չանի, լավատեսությունը չարդարացվի, ընտրազանգվածը վերադառնալու է նույն դիրքին»,- նշեց քաղտեխնոլոգը: