Բաշար Ասադը մեղադրել է ԱՄՆ-ին սիրիական դիրքերը դիտավորյալ գնդակոծելու համար
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից սիրիական զորքերի գնդակոծումը Դեր-էզ-Զոր բնակավայրի մոտակայքում դիտավորություն է եղել: Այս մասին «BBC»-ի փոխանցմամբ «Associated Press» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը: http://www.bbc.com/russian/news-37438141
Ասադի խոսքով՝ սիրիական զինծառայողների ուղղությամբ ավիահարվածները տևել են շուրջ մեկ ժամ:
«Դուք չեք սխալվում մի ամբողջ ժամ շարունակ»,-հայտարարել է Ասադը և ենթադրություն հայտնել, թե «Իսլամական պետության» գրոհայինները հավանաբար իմացել են կոալիցիոն ուժերի նախատեսվող հարվածի մասին, քանի որ գրոհել են ավիահարվածներից անմիջապես հետո և գրավել գնդակոծության ենթարկված դիրքերը:
Սիրիական կառավարական զորքերի գնդակոծումը ԱՄՆ-ի գլխավորած ուժերի կողմից տեղի է ունեցել շաբաթ օրը, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ զինվորականներ: Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել:
Պենտագոնում հայտարարել են, որ ամերիկյան ուժերը ծրագրել են ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ և գաղափար անգամ չեն ունեցել, որ իրենց թիրախ են դարձել սիրիական ուժայինները:
Ըստ ամերիկյան տեսակետի՝ կոալիցիոն ուժերն անմիջապես դադարեցրել են կրակը, երբ ռուսական կողմը հայտնել է, որ գնդակոծության թիրախ է դարձել Սիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումը:
Կատարված միջադեպը սպառնալիքի տակ է դրել Սիրիայում սեպտեմբերի 12-ի երեկոյան հաստատված հրադադարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան