«Երեխաները հավատում են հրաշքների, գրքի հերոս հսկան՝ նույնպես». Նարինե Աբգարյան
Ռուսաստանաբնակ Նարինե Աբգարյանն այսօր հայ փոքրիկ ընթերցողին ներկայացրեց «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» գիրքը: Այն ստեղծվել է համանուն մուլտիպլիկացիոն ֆիլմի սյուժեի վրա, որը 1986 թվականին «Հայֆիլմի» համար գրել էր սցենարիստ Արմեն Վաթյանը:
Հեղինակը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գիրքը հավասարապես նաև Արմեն Վաթյանինն է:
«Այստեղ փոքրիկների համար ներկայացված է հսկայի հզոր ուժը, որը ոչ թե քանդելու, այլ ստեղծելու համար է: Երեխաները հավատում են հրաշքների, գրքի հերոս հսկան՝ նույնպես: Իմ կարծիքով` հենց այդ հրաշքի գաղափարն էլ ամենաշատը դուր կգա փոքրիկներին»,-ասաց Նարինե Աբգարյանը:
Ներկայումս հեղինակն աշխատում է Ղարաբաղյան պատերազմի մասին պատմող գրքի վրա. «Այդ պատերազմը ես էլ եմ ապրել, զգացել, այդ ժամանակ բնակվում էի Հայաստանում: Նոյեմբերին նախատեսում եմ գնալ Արցախ՝ գրքիս համար լրացուցիչ նյութեր հավաքելու»:
Իսկ իրեն գրողն այսպես ներկայացրեց. «Երևի ես բախտավոր մարդ եմ, ես անում եմ այն, ինչ ամենաշատն եմ սիրում՝ գրում եմ ու դրանով երջանիկ եմ»:
Շնորհանդեսին ներկա գրքի պլաստիրինե նկարազարդումների հեղինակն նկարիչ Լևոն Աբրահամյանն էլ ասաց, որ սիրով է աշխատում մանկական գրքերի հետ. «Գրքերի այսպիսի նկարազարդումներն իր տեսակի մեջ նորություն են: Նկարներն ամբողջությամբ ստեղծվել է պլաստիրինից: Մեծ սիրով եմ աշխատել ամեն մի դելատի վրա, քանի որ աշխատանքիս գերխնդիրն է նկարների միջոցով բարություն հասցնել երեխաներին»:
Նշենք, որ շնորհանդեսին ներկա փոքրիկների համար Նարինե Աբգարյանը գրքից հատվածներ ընթերցեց, զրուցեց փոքրիկների ու նրանց ծոնղների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպն ընդգրկվել է «Յասնայա պոլյանա»-ի կարճ ցուցակում
- Երևանում տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» մանկական գրքի շնորհանդեսը
- Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը՝ մեկ շաբաթից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան