Եթե մարդիկ նորմալ աշխատում են, կադրային փոփոխություններ չեն լինի. Վահան Մարտիրոսյան
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը ժամանակ խնդրեց, որպեսզի հարցերին պատասխանի. «Ընդամենը մի քանի ժամ է, որ աշխատում եմ»:
Հարցին, թե տաքսիստները պարբերաբար բողոքում են լիցենզավորման կարգի դեմ, իսկ «Յանդեքս» ընկերության հայտնվելով նրանք նոր խնդիրների առաջ են կանգնել, արդյոք պատկերացնո՞ւմ է առկա խնդիրը, նախարարը պատասխանեց. «Մոտավորապես պատկերացնում եմ, բայց հիմա պատասխանել չեմ կարող, մանրամասն կուսումնասիրեմ, ուսումնասիրությունից հետո իրար հետ կքննարկենք բոլոր թեմաները»:
Նա նաև նշեց, որ արդեն ունի ծրագիր, որն առաջիկայում կներկայացնի:
Հարցին, թե Վահան Մարտիրոսյանը մտերիմ հարաբերություններ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ինչը նաև պատճառ է դարձել, որպեսզի ինքը նախարար նշանակվի, նախարարը պատասխանեց. «Գիտեք, մտերիմ հարաբերություններ շատ-շատերի հետ կա, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկի... Ինչո՞ւ ուրիշի մասին չեք ասում, այնքան մարդու հետ մտերիմ հարաբերություններ ունեմ»:
Այնուհետև նա նշեց, որ Կարեն Կարապետյանի հետ նորմալ հարաբերություններ ունի. «Չեմ կարող ասել մտերիմ, նորմալ հարաբերություններ ունեմ»:
Լրագրողները նաև հետաքրքվեցին, թե արդյոք նախարարը պատրաստվում է կադրային փոփոխություններ իրականացնել նախարարությունում, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ եթե մարդիկ նորմալ աշխատում են, պահանջներին բավարարում են, կադրային փոփոխություններ չի լինի, եթե չեն բավարարի՝ իհարկե, կլինի:
Արձագանքելով մամուլի հրապարակումներին, թե ինքը «Ռոստելեկոմ» ընկերության հետ առնչություն ունի, տրանսպորտի և կապի նախարարը պատասխանեց. «Ես եղել եմ հիմնադիրներից մեկը և ժամանակին այն վաճառել եմ «Ռոստելեկոմ»-ին: Հիմա առնչություն չունեմ, ուղղակի մնացել էի տնօրենների խորհրդի անդամ՝ ըստ իրենց հետ եղած պայմանագրի»: