Ճամփորդություն 20-րդ դարի հին Երևանում՝ Կարինե Խալաթովայի գրքով
Երևանի ֆենոմենն է՝ անվերջ մոդեռնիզացվում է, բայց դառնում է ավելի ու ավելի վատը: Խոսքս վերջին 25 տարվա մասին է, չնայած դրանից առաջ էլ եղել են սխալ բաներ: Բայց հիմա ոչ մի ճիշտ բան չի լինում քաղաքաշինության, ճարտարապետության մեջ,- Կարինե Խալաթովայի «Հին Երևանը 1920-1940-ական թվականների հայ դասականների պատմվածքներում և հուշերում» ռուսերեն գրքի շնորհանդեսին ասաց ճարտարապետ Կարեն Բալյանը:
Նա նշեց, որ Երևանը շարունակում է պահել բազմաշերտ լինելու իր ֆենոմենը, բայց ժամանակակից սերունդն ավելի քիչ է տեսնում ու նկատում այդ շերտերը:
«Ճարտարապետներն անընդհատ առաջարկում են այդ շերտերը վերացնելու նախագծեր: Հավաքվում են, քննարկում: Կապված է մեծ գումարային գոծերի հետ, թե որտեղ շատ գումար կարող են աշխատել: Դրանից քաղաքն աղքատանում է ու աղքատանում, բայց հայտնվում են գրքեր Երևանի մասին: Ահա հենց այդ գրքերից է «Հին Երևանը 1920-1940-ական թվականների հայ դասականների պատմվածքներում և հուշերում»-ը»,- նշեց ճարտարապետը:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում: Գիրքն ընթերցողին հրավիրում է հետաքրքրաշարժ ճանապարհորդության` 20-րդ դարի 20-40-ական թվականների հին Երևանով: Գրքում զետեղված են անվանի գրողներ Ակսել Բակունցի, Ստեփան Զորյանի, Վահան Թոթովենցի, Դերենիկ Դեմիրճյանի, Լեռ Կամսարի, Մկրտիչ Արմենի, Գուրգեն Մահարու, Վալտեր Արամյանի և ուրիշների գործերը, հուշերը՝ հին Երևանի, երևանցու և քաղաքային առօրյայի մասին:
«Այս գրքով ցույց եմ տալիս իմ սերը իմ հայրենիքին, իմ Երևանին: Գրված է մեծ հաճույքով: Գործեր կան, որոնք տարիներ առաջ եմ թարգմանել: Այսօր հավաքել ու դարձրել եմ գիրք: Կան նոր թարգմանություններ հատուկ այս գրքի համար»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Խալաթովան:
Նա ընդգծեց, որ նման գրքերը սովորեցնում են սիրել քաղաքը: Հեղինակի խոսքով, այն մարդիկ, ովքեր չեն տեսել, չեն լսել Երևանի մասին, առանց Երևանի մասին գիտական գրքեր կարդալու այս գրքի շնորհիվ կմիանան քաղաքի կերպարի, մարդկանց մասին, ինչպես են ապրել, նիստուկացը: Կ. Խալաթովան նշեց, որ կան ստեղծագործություններ՝ Լեռ Կամսարի, Մկրտիչ Արմենի, Դերենիկ Դեմիրճյանի, որտեղ հումորով ներկայացված է քաղաքի ոչ լավ կողմերը, բայց էլի սիրով են գրված:
«Գեղարվեստական խոսքի միջոցով, որն ավելի դիպուկ է արտահայտում, կիմանան Երևանի մասին»,- նշեց գրքի հեղինակը՝ հավելելով, որ արդեն երկրորդ գիրք վրա է աշխատում՝ կրկին նվիրված Երևանին, բայց այլ կոնցեպտով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին