Երբևէ նման մաքրագույն և գեղեցիկ կատարում չէի լսել. Մարտին Օրսենըզը՝ «Հայաստանի փոքրիկ Երգիչների» մասին
Սեպտեմբերի 17-ին մեկնարկել է Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ Երգիչներ» երգչախմբի՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգային շրջագայությունը Դանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում և Բելգիայում։
Ինչպես տեղեկացնում են երգչախմբից, խումբն արդեն ելույթներով հանդես է եկել Կոպենհագենի Աստվածամոր տաճարում, Հերնինգի և Հասլեվի եկեղեցիներում։ Հյուրընկալվել են Հերնինգի քաղաքապետարանում, այցելել են Մեծ Եղեռնի ժամանակ հազարավոր հայ որբերի ու կանանց փրկած Կարեն Յեպպեի ծննդավայր, հարգանքի տուրք մատուցել և երգել նրա պատվին տեղադրված հուշաքարի մոտ, եղել են նրան նվիրված թանգարանում։
Հուզիչ հանդիպում են ունեցել և միասին «Էրեբունի-Երևան» երգել արդեն բարեկամ դարձած դանիական «Միդվեսթ» երգչախմբի անդամների հետ, որոնք մեկ տարի առաջ Հայաստանում փոքրիկ երգիչների հյուրն էին։
Դանիայում հայկական երգչախմբի համերգները կազմակերպվել էին Դանիայում ՀՀ դեսպանության կողմից։
«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի ելույթներից հետո հանդիսատեսի արձագանքը հիացական էր: Խմբավար, երգեհոնահար Փիթեր Արենդտը նշել է. «Շնորհակալ ենք այս հիանալի համերգի համար։ Դա միայն երաժշտություն չէր, դուք այս երեկո պատմեցիք մեզ մի երկար և շատ կարևոր պատմություն Հայաստանի մասին»:
«Ես երբևէ նման մաքրագույն և գեղեցիկ կատարում չէի լսել։ Դուք ստիպեցիք ինձ առնվազն 50 րոպե արտասվել»,- նշել է «Միդվեսթ» աղջիկների երգչախմբի տնօրեն Մարտին Օրսենըզը:
Այսօր կարևորագույն համերգն է Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահում ։ Հրավիրված են պետական բարձրաստիճան այրեր, միջազգային պատվիրակություններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, արվեստագետներ։
Այնուհետև Տիգրան Հեքեքյանին և իր սաներին սպասում են գերմանական ևս երկու քաղաքներում՝ Կարլսռուհե, Հալլե, ապա՝ Հոլանդիայում և Բելգիայում։