Ուսուցչի օգնականի հաստիքը առաջինը կներդրվի Սյունիքում
Ուսուցչի օգնականի հաստիքի ներդրումը ներառվել է եկող տարվա պետբյուջեի նախագծում: Թե որ դպրոցներում է ներդրվելու հաստիքը և ինչ գործառություններ է ունենալու ուսուցչի օգնականը, այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի հետ:
«Ուսուցչի օգնականի հաստիքի ներդրման պահանջը դրված է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին 2014 թվականի ընդունած օրենքում: Այն մինչև 2025 թվականը ներդրվելու է հանրապետության բոլոր դպրոցներում, բայց մինչև այդ, կառավարության որոշմամբ ժամանակացույց կա, թե որ մարզերից է սկսվելու գործընթացը»,-ասաց մասնագետը:
Նրա տեղեկացմամբ՝ մինչ 2016թ-ի ավարտը այն ներդրվելու է Սյունիքի մարզում, իսկ 2017 թվականին՝ Լոռու և Տավուշի մարզերում, սակայն մինչ այս ծրագիրը փորձնական կիրառվել է Տավուշի մարզում՝ 2011 թվականին:
«Ներկայումս կառավարությունում քննարկվում է օգնականի ներդրման ֆինանսավորման և վարձատրման կարգը: Մոտավորապես հաշվարկն այսպիսին է՝ դպրոցում յուրաքանչյուր հարյուր աշակերտի համար կլինի մեկ ուսուցչի օգնական, սակայն սա դեռ վերջնական չէ»,-նշեց նա:
Հարցին, արդյոք հարյուրից պակաս աշակերտ ունեցող գյուղական համայնքների դպրոցներում կլինեն ուսուցչի օգնականներ, Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետը պատասխանեց. «Եթե 70-80 աշակերտ ունեցող դպրոց է, անպայման կհասնի, բայց օրինակ 20-30 -ի դեպքում դեռ պարզ չի կլինի` թե ոչ»:
Ուսուցչի օգնականի գործառույթները ևս, Անահիտ Մուրադյանի տեղեկացմամբ, դեռ վերջնական հաստատված չեն, սակայն ըստ փորձնական ծրագրի, օգնականն աջակցում է ուսուցիչներին կրթական ծրագրերի կատարմանը, աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը, դասարանում իրականացնում են դիտարկումներ և կատարում արդյունքների վերլուծություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները