Օլիգարխները մեջ-մեջ են անում «Հյուսիս-հարավը».«Հրապարակ»
Հայաստանում անցկացվող շինարարական մրցույթներին ներկայացվող տեխնիկական և ֆինանսական պահանջներն այնքան բարձր են, որ հայաստանյան ոչ մի ընկերություն միայնակ չի կարողանում դրանց մասնակցել: Արդյունքում` ՀՀ շինարարական կազմակերպությունները, որոնք հարյուրավոր աշխատատեղեր են ապահովում, կանգնում են սնանկացման և փակման եզրին: Իրավիճակից լավագույնս օգտվում են երկրի օլիգարխները, որոնք, չմասնակցելով մրցույթներին, կարողանում են շահել: Մեխանիզմն այսպիսին է․ մրցույթը շահում է արտասահմանյան ընկերությունը, որն իրականում ոչ մի աշխատանք չի կատարում, գործը հանձնում է ենթակապալառու ընկերությանը. գրել է «Հրապարակ»-ը:
«Այսպես․ «Հյուսիս-հարավի» շրջանակներում Շիրակ-Արգավանդ ճանապարհը կառուցելու մրցույթում փաստացի հաղթել է իտալական «Սերենիսիմա Կոստրուկցիոնի» ընկերությունը, սակայն այն կառուցում է Գագիկ Ծառուկյանը: «Հյուսիս-հարավի» մի մասն էլ կառուցում է «Տեր-Հայրապետյանշին» ՍՊԸ -ն, որի անունը կապվում է տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, որն առանց այդ էլ սեփականաշնորհել է Էրեբունի վարչական շրջանի շինաշխատանքները, այժմ որոշել է ընդլայնել բիզնես շրջանակները դեպի հյուսիս եւ հարավ: «Հրապարակ»-ի տեղեկություններով` Տրանշ 2-ով նախատեսված Դավթաշեն-Աշտարակի մայրուղի ճանապարհը կառուցելու մրցույթի ելքն արդեն իսկ կանխորոշված է, այս հատվածը ևս փաստաթղթերով կտան չինական ընկերության, սակայն այն իրականում կկառուցի Թոխմախի Մհերը: Իսկ հետո զարմանում ենք, թե ինչու մարդիկ Հայաստանում բիզնես չեն անում, եղածներն էլ փակում են ու արտագաղթում»,-հավելել է թերթը: