«Հայ Ֆեստ»-ի շրջանակներում երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քանի 50 ներկայացում. Արթուր Ղուկասյան
«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը:
Փառատոնին ընդառաջ՝ այսօր կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ասաց, որ 14-րդ փառատոնն այս տարի կրում է «Իրականացրու երազանքդ ««Հայ Ֆեստ»-ի հետ խորագիրը և կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների ու հյուրերի:
Նրանց թվում կլինեն հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իսրայելից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
«Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քանի 50 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոններկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, ներկայացում-ցուցահանդես, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացոթյա ներկայացումներ»,-նշեց փառատոնի ղեկավարը:
Ա. Ղուկասյանի տեղեկացմամբ՝ փառատոնը կբացվի Ուզբեկստանի «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» ներկայացմամբ: Նշանավոր ներկայացումներից կլինեն Սանկտ Պետերբուրգի «Նեբոլշոյ դրամատիկական թատրոնի» «Կարամավոզ եղբայրներ», Գերմանիայի Մ. Գորկու անվան թատրոնի «հոգիների աճուրդ» ներկայացումը, որի բեմադրիչն է կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը:
Հայաստանյան թատրոններից «Հայ Ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները:
Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ր երկրներից են ավելի ակտիվ մասնակցում փառատոնին, Ղուկասյանն ասաց, որ այս տարիների ընթացքում մասնկացության ակտիվությամբ աչքի է ընկել Ռուսաստանը. «Այս տարի կրկին ամենաշատ հայտերը Ռուսաստանից ենք ունեցել, հայտերի թվով աչքի են ընկել նաև Իսրայելն ու Բալկանյան երկրները: Աշխարհի շատ երկրներում «Հայ Ֆեստ»-ի վարկանիշն ու վստահության կրեդիտը շատ բարձր է»։
Ներկայացումների մուտքը կլինի անվճար:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003 թ.-ին: