Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, հրաժարական տալու խնդիր չկա. Արծվիկ Մինասյան
«Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, հրաժարական տալու խնդիր չկա, քանի որ մենք ներկայումս ժամանակավոր զբաղեցնում ենք այս պաշտոնը՝ որպես պաշտոնակատարներ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը և լրագրողներին առաջարկեց մտնել աշխատասենյակ և ծանոթանալ իր ծանրաբեռնված գրաֆիկի հետ:
«Ըստ Սահմանադրության, ըստ օրենքի, կառավարության կազմավորումը ենթադրում է ՀՀ նախագահի հրամանագիր՝ վարչապետի առաջարկությամբ, որից հետո կհամարվի նախարարը նշանակված է, թե ոչ: Այս պահին ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար եմ, շարունակելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել նոր հրամանագիր»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
«Առաջին իսկ օրից սկսած ես դրել եմ կադրային քաղաքականության երեք հիմնական սկզբունք՝ պրոֆեսիոնալիզմ, հայրենասիրություն և պատասխանատվություն: Ինձ համար սկզբունքային է եղել, որ ղեկավարի նկատմամբ հարգանքը դառնա մոտիվացիան, այլ ոչ թե ղեկավարի կողմից խիստ կամ որոշ շրջանակների համար կոպիտ, ոչ պատշաճ վարքագիծը:Ես շարժվել են այդ մոտեցմամբ, այդ սկզբունքով և շնորհակալ եմ, որ համակարգի աշխատակիցներից շատերը հարգել են այդ մոտեցումը: Ես իմ մոտեցման տերն եմ, կրողն եմ և հետագայում էլ այդպես շարունակելու եմ»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքերով՝ այս յոթ ամիսներին նախարարությունն աշխատել է գերծանրաբեռնված:
Նշենք, որ ասուլիս ժամանակ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրեց իր ղեկավարած ոլորտի ձեռքբերումները, յոթ ամիսների աշխատանքների արդյունքները:
«Որպես ՀՅԴ-ի ներկայացուցիչ, ինձ և մեր քաղաքական ուժի համար մեծ նշանակությունի ունի այն, որ բարձր պաշոտն զբաղեցրած անձը պետք է հանդես գա հաշվետվությամբ, ներկայացնի իր պաշտոնավարման ընթացքում արածները, արդյունքներն ու ակնկալիքները»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
«Կարծում եմ՝ սա կարող է դառնալ մեր հասարակական, քաղաքական մշակույթի մեջ կարևոր ուղղություն»,- հավելեց նա:
Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ նախարարության հիմնական խնդիրները թվով 30-ն են, տարիների ընթացքում նախարարության կազմում միավորվել են շուրջ 13 գերատեսչությունների լիազորություններ: Ըստ նրա՝ այսօր գուցե արտաքինից չեն երևում նախարարության առջև ծառացած խնդիրները, բայց ներսից շատ ավելի ակնառու և ավելի մեծ ծավալներով դրանք իրականացվում են:
«30 հիմնարար ոլորտները, որոնք դրված են նախարարության առջև որպես հիմնական խնդիրներ, ակնհայտորեն ծավալուն են, խորքային են և, բնականաբար, պահանջում են նաև համարժեք լիազորություններ: Պարզ է նաև, որ նախարարությունը համապատասխան լիազորություններով ամբողջությամբ օժտված չէ, նաև ֆինանսավորումն էլ բավարար չէ 30 ուղղություններով խնդիրները արդյունավետ լուծելու»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան