Գյումրու թատրոնը ժամանակավոր տնօրեն ունի
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը: Նա թատրոնը կղեկավարի երեք ամիս՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնի համար կայանալիք մրցույթը,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հ. Ղազանչյանը:
Նա նշեց, որ թատրոնում որևէ փոփոխություն չի անելու, ընդամենը պետք է ապահովի թատրոնի բնականոն աշխատանքը:
Նշենք, որ լրացել էր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի կառավարման ժամկետը և թատրոնի տնօրենի մրցույթի էր հայտարարվել: Երկու հայտ էր ներկայացվել՝ Մարգարիտա Մինասյանն ու Արաքսյա Կիրակոսյանը: Թատրոնի անձնակազմը դեմ էր, որ նրանցից որևէ մեկը ղեկավարի թատրոնը, քանի որ, ըստ նրանք, երկուսն էլ ընդհանրապես թատրոնի հետ կապ չունեն:
Դերասանների բողոքից հետո թեկնածուներից մեկը հետ էր վերցրել դիմումը, իսկ մեկ թեկնածուի դեպքում մրցույթ չի նախատեսվում:
Հայտարարվել է նոր մրցույթ, որը կայանալու է դեկտեմբերին:
Հարակից հրապարակումներ`
- Մի քանդեք թատրոնը, թողեք հանգիստ աշխատի մի թատրոն՝ հեռու աչքից, սրտից ու կոչումներից. Աճեմյանականներ