
Սեյրան Օհանյանը արձագանքել է մամուլի հրապարակմանը
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը այսօր մամուլի խոսնակի միջոցով արձագանքել է «Հրապարակ» օրաթերթի տարածած տեղեկությանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մերժելու մասին Օհանյանի հայտարարությունը իշխանության ներսում վատ է ընդունվել:
«Իսկ ձեր կարծիքն ո՞վ է հարցնում: Ընդհատակյա ձեր կառավարիչներին ու աղբյուրներին հիշեցում՝ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, օգտվում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներից և ազատություններից, ներառյալ ` աշխատանքի և գործունեության ազատության իրավունքը: Սեյրան Օհանյանի բախտն ու ճակատագիրը տնօրինելու իրավունքը բացառապես պատկանում է Սեյրան Օհանյանին»,- ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, պատասխանել է Օհանյանը:
Նշենք, որ «Հրապարակ» օրաթերթի զրուցակիցն ասել էր. «Պետական ծառայողը, զինվորականը, պաշտպանության նախարարն իրավունք չունի նման բան ասելու, նա զինվորական է, պետք է կատարի վերադասի հրամանը, ծառայի այնտեղ, որտեղ ասվում է, սա հո պատվերով համերգ չէ՞, որ ընտրի, մի հատ էլ հայտարարի, թե միանշանակ մերժելու է միջազգային կառույցում աշխատելու առաջարկը: Իսկ իր կարծիքն ո՞վ է հարցնում, այ, որ ապրիլյան պատերազմից հետո հեռացնեին, այսօր նման կերպ չէր հոխորտա»: