Ընտրությունների վերաբերյալ անհասկանալի բովանդակությամբ դիմում-բողոքներ են ներկայացվել. Տիգրան Մուկուչյան
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է սեպտեմբերի 18-ին Հայաստանի հինգ մարզերում տեղի ունեցած ընտրություններում դիտորդական կազմակերպությունների հրապարակած խախտումներին:
Նկատենք, որ «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունն էր համացանցում ընտրությունների օրը ներկայացնում խախտումների վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես, խոսելով քվեաթերթիկների՝ ընտրատեղամասերից դուրս բերելու մասին հայտարարությունների վերաբերյալ, Մուկուչյանը ասաց.
«Խոսքը քվեարկության օրը նկատված երկու դեպքի մասին է: Այո, եղել է երկու դեպք, երբ քվեաթերթիկը դուրս է բերվել ընտրական տեղամասից: Դա նորություն չէ: Նորություն է դրա վերաբերյալ հայտնված զարմանքը: Կա 2011 թվականին ընդունված կարգ, որի համաձայն, եթե ընտրատեղամաս է գալիս որևէ քաղաքացի, որը որևէ խնդրի պատճառով չի կարողանում մտնել ընտրատեղամաս, անձնագիրը տեղափոխվում է տեղամասային կենտրոն, հանձնաժողովի անդամները համոզվում են, որ նա այդ քաղաքացին է, ապա տեղամասային կենտրոնից վստահված անձանց ուղեկցությամբ դուրս է բերվում քվեաթերթիկը, դրսում կատարում է քվեարկությունը և նույն վստահված անձանց ուղեկցությամբ քվեաթերթիկը գցվում է քվեատուփ»:
Մուկուչյանը նաև անդրադարձավ այլ անձանց փոխարեն քվեարկելու մասին հայտարարություններին, երբ մատնանշվել էր նման 22 դեպք. «Ուսումնասիրելով այդ հայտարարությունները պետք է ասել, որ այդ դեպքերը եղել են հայր և որդի, տատ ու թոռ և նման պարագաներում, երբ միասին եկել են ընտրատեղամաս ու մեկը ստորագրել մյուսի անվան դիմաց: Այս պարագայում խոսել այլ անձի քվեարկության մասին, ուղղակի ծայրահեղականություն է»:
Ընդհանուր առմամբ, ԿԸՀ նախագահի խոսքով, սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «զանգվածային խախտումների» մասին խոսելը անիմաստ է:
Ընտրությունների արդյունում ստացվել է 142 դիմում-բողոք, որոնց մեծ մասը, ըստ ԿԸՀ նախագահի, անհասկանալի է եղել, դրանցում սխալ են նշված եղել ընտրատեղամասերը:
«Դրանցում կային դատողություններ, որոնցից շատ բարդ էր ընկալել, թե որոնք կարելի է ընտրախախտում համարել: Կային դիմումներ, որոնք ներկայացվում էին կոնկրետ քաղաքացու անունից, բայց տեքստում նշված է բոլորովին այլ քաղաքացու անուն-ազգանուն և երբ չկա տեղամասի համար, անհասկանալի է, ինչպես պետք է ընկալել՝ ինչի մասին է խոսքը: Օրինակ՝ դիմումը ներկայացվել է Արմինե Աղաբեկյանի անունից, բայց բովանդակության մեջ նշվում է՝ ես՝ Լիլյա Ավետիսյանս, գտնվում եմ...», -ներկայացրեց Տիգրան Մուկուչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ, արդար. Մուկուչյան
- Դիտորդ. ՏԻՄ ընտրությունները վերահսկելու հետաքրքրությունը մեծանում է
- Մրցակցային թեկնածու ունեցող համայնքներում խախտումների հավանականությունը բարձրանում է. Դիտորդ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան