Ականներ և անվտանգ վարքագիծ Տավուշում
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները հաճախ թերագնահատում են ականների և չպայթած մնացորդների վտանգը։ Խնդրին անդրադառնալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ, պատրաստել է հատուկ ծրագիր։ Արդեն երկու տարի է, ինչ գործընկերները համատեղ կազմակերպում են տեղեկատվական դասընթացներ ականների հետ կապված միջադեպերի վտանգը բացատրելու և ռմբակոծության ժամանակ անվտանգ վարքագծի մասին մարդկանց իրազեկելու նպատակով։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնում են, անցյալ տարի Հայկական Կարմիր խաչի Տավուշի մասնաճյուղի կամավորներն անցկացրել են 27 նման դասընթաց 16 գյուղի բնակիչների, հիմնականում՝ ուսուցիչների և դպրոցականների համար։ Նախքան սեմինարներ անցկացնելը կամավորները վերապատրաստվել են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետների կողմից։ Բացի այդ, շուրջ 6500 ընտանիքների են բաժանվել թեմատիկ թռուցիկներ, իսկ գյուղերում փակցվել են պաստառներ։
2016 թվականին Տավուշի մարզի 17 գյուղերում կկազմակերպվի ընդհանուր առմամբ 32 տեղեկատվական դասընթաց։ Նախագիծը վերսկսվել է հուլիսին և կշարունակվի մինչև հոկտեմբերի վերջը։