Հռոմի Պապը ստի վրա հիմնված լրագրությունը «ահաբեկչական ակտ» է համարել
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ԶԼՄ-ներում ասեկոսեների հրապարակումը համարել է ահաբեկչության տարատեսակ: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Reuters-ին:
Պապի կարծիքով՝ ստի և չճշտված լուրերի վրա հիմնված լրագրությունը միանգամայն կարելի է համարել «ահաբեկչական ակտ և օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է խոսքով սպանել մարդուն»:
Նա նաև նշել է, որ լրագրողները պետք է ավելի զգույշ լինեն, քանի որ «նրանց ձայնը կարող է լսել յուրաքանչյուր ոք, և դա շատ վտանգավոր զենք է»: Բացի այդ, Պապը ափսոսանք է հայտնել, որ երբեմն լրագրությունը կարող է ստեղծել բացասական կարծիք փախստականների և որոշ ժողովուրդների մասին:
«Լրագրությունը չպետք է վախ առաջացնի այնպիսի իրադարձությունների հանդեպ, ինչպիսին է պատերազմից և սովից հարկադրված արտագաղթը»: