Դաշնակցություն-վարչապետ հակասությունների մասին վերլուծությունները «մատից ծծած» են. Աղվան Վարդանյան
ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դժվարանում է գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը, քանի որ նա դեռ մի քանի օր է՝ աշխատում է այդ պաշտոնում:
Այդուհանդերձ, «Երկիրն այսօր» լրատվական հաղորդման եթերում Վարդանյանը նշել է, որ Կարեն Կարապետյանի հետ իրենք ունեցել են «տևական հանդիպումներ» ու քննարկել երկրում ստեղծված իրավիճակը:
«Քնննարկել ենք իր պատկերացումները, թե ինչ ծրագրեր, նպատակներ ունի` կարճաժամկետ և հեռանկարային: Կարող եմ ասել, որ վարչապետի մոտեցումները, այն է` իսկապես նոր սկիզբ դնել, խաղի նոր կանոններ սահմանել, վճռականորեն պայքարել ստվերային տնտեսության դեմ, աջակցել գործարարությանը, հնարավորինս արտոնյալ, առավելագույնը հարմար պայմաններ ստեղծել Հայաստանում ներդրումների համար, նոր արտադրություն հիմնողների համար ձևավորել բարենպաստ միջավայր, աջակցել փոքրումիջին բիզնեսին, հնարավորինս մեծացնել ներդրումների ծավալը, առավելագույնս աջակցել անապահով բնակչությանը` նրանց բեռը նվազեցնելով (խոսքը վերաբերում է գազի, էլեկտրաէներգիայի գների տարբերակված մոտեցումներին), և ընդհանուր բառերով` սա իսկապես նոր սկզիբ է:
Այսինքն` այն, ինչ արձանագրված է և’ մեր համաձայնագրի մեջ` ՀՀԿ-ի հետ` այդ խնդիրները, նպատակները, և’ այն, ինչ հայտարարել է հանրապետության նախագահը այս տարվա փետրվարի 12-ին, որ իսկապես մեր երկրի առջև ծառացած խնդիրներ են, վարչապետը վճռականորեն պատրաստակամ է և իսկապես ուզում է այդ բոլոր հարցերով արմատական քայլեր կատարել: Եվ այս առումով մենք ամբողջովին աջակցում ենք վարչապետին: Բազմաթիվ համընկնումներ կան մեր մոտեցումների մեջ, այլ բան է, թե ժամանակն ինչ ցույց կտա: Կոնկրետ այս փուլում մենք բոլոր նախաձեռնություններին աջակցում ենք»,- ներկայացրել է Վարդանյանը:
Պատասխանելով վարչապետի և դաշնակցական նախարարներիմիջև հարաբերությունների սրման մասին մամուլի վերաբերյալ հարցին՝ Վարդանյանը պատասխանել է.
«Ինչ-որ առումով սա մեր լրատվամիջոցների գործն է` տեսադաշտում գտնել մի բան և դրա վրա վերլուծություններ կատարել: Այսօր ես կարդացել եմ վերլուծություններ` իբր Դաշնակցության և վարչապետի առճակատման և հակասությունների մասին. ամբողջովին «մատից ծծած» վերլուծություն էր, նման բան բացարձակապես չկա:
Կառավարության առաջին նիստից կարող էր նման տպավորություն ստեղծվել, բայց մենք այդ թեմայով խոսել ենք վարչապետի հետ, խոսել ենք բաց, անկեղծ, մինչև վերջ, և վարչապետը խորապես ափսոսում է, որ նման տպավորություն կա: Ընդհակառակը, ինքն ասել է, որ շատ բարձր է գնահատում նույն Արծվիկ Մինասյանին` իբրև բանիմաց պարկեշտ քաղաքական գործիչ և նախարար, և շարունակելու է իր հետ աշխատել»:
Դաշնակցական պատգամավորը նկատել է, որ վարչապետն իրենց հորդորել է աջակցել խնդիրների լուծման հարցում, և իրենց համար այդ խնդիրների դրական լուծումն է:
«Ես վստահեցնում եմ, որ վարչապետն աշխատելու է Արծվիկ Մինասյանի հետ, մեր մյուս նախարարների հետ, և այս մասին վերջնական դուք առաջիկա օրերին կիմանաք: Կրկնում եմ, դրված են հստակ խնդիրներ, և դա հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթից հետո էր, դա բխում է մեր համաձայնագրից, և որքան վարչապետը վճռականորեն այդ ուղղություններով առաջ կգնա, այնքան կունենա մեր ամբողջական աջակցությունը»,- ասել է Աղվան Վարդանյանը:
Նա պնդել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ իրենք խնդիրներ չունեն և հիմնական ուղղություններով խնդիրների լուծման ծրագրերը համընկնում են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան