Ֆ. Մոգերինի. ՀՀ-ում ԸՕ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն ընտրություններին ընդառաջ կարևոր քայլ էր
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ԵՄ բարձր ներկայացուցիչը շնորհավորել է Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը շարունակելու է սատարել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին։
Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է նոր ընտրական օրենսգրքի շուրջ Հայաստանի իշխանությունների և խորհրդարանական ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ նշելով, որ հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարևոր քայլ էր։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանին տարիներ շարունակ ցուցաբերվող օժանդակության համար։
Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել են ս.թ. սեպտեմբերի 19-ին Բրյուսելում կայացած ՀՀ֊ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի միջանկյալ բանակցություններին՝ երկուստեք գոհունակություն հայտնելով դրանց արդյունավետ ընթացքի կապակցությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության, ոլորտային համագործակցության և առևտրային հարցերի ուղղություններով ընթացող բանակցությունների շուրջ։ Կարևորվել է հոկտեմբերի վերջին Երևանում նախատեսված բանակցույթունների հաջորդ փուլի անցկացումը՝ նպատակ ունենալով գործընթացն ավարտել մոտ ապագայում։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից նախաձեռնված Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ մինչ օրս Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել դրանք: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է Եվրոպական միության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին