Հայ գրողների ստեղծագործությունները՝ ռուսական ամսագրում
«Այսուհետ հայ գրողների ստեղծագործությունները կթարգմանվեն և լույս կտեսնեն «Գվիդեոն» ռուսական ամսագրում»,-այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչական նախագծի ղեկավար Վադիմ Մեսնյացը՝ ներկայացնելով ամսագրի նոր համարը:
«Մենք որոշեցինք ռուսերեն հրատարակել հայ բանաստեղծների և արձակագիրների գործերը, սա ընկերական նախաձեռնություն է: Վստահ եմ, որ ամսագրի գործերը կհետաքրքրեն մարդկանց»,- նշեց նա:
Մեսնյացի խոսքով՝ արդեն թարգմանվել են Համբարձում Համբարձումյանի, Նարա Վարդանյանի, Նշան Աբասյանի, Հրաչյա Սարուխանի, Հրաչյա Թամրազյանի, Հովհաննես Գրիգորյանի, Էդուարդ Հարենցի, Գևորգ Գիլանցի և այլոց գործերը: Ամսագրի այս համարում տեղ են գտել նաև Հրանտ Մաթևոսյանի «Բանի աշխարհը» մենախոսությունը և նոր թարգմանություններ Պարույր Սևակի բանաստեղծություններից:
Գրող Հովհաննես Ազնաուրյանը, ում ստեղծագործությունները ևս ներառվել են «Գվիդեոն»-ի նոր համարում, նշեց, որ շատ է կարևորում նման նախաձեռնությունները. «Շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնության հեղինակներին, իսկ Հրանտ Մաթևոսյանի հետ նույն համարում հրատարակվելը մեծ պատիվ է ինձ համար»:
Նշենք, որ «Գվիդեոն» ամսագրի համարը ներկայացվում էր «Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում, որին մասնակցում են գրականության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ աշխարհի տասնյակ երկրներից: