Նալբանդյանն ամերիկյան վերլուծաբաններին ներկայացրել է ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլը
ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններից մեկում՝ Արտաքին հարաբերությունների խորհրդում, հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպումը վարում էր ականավոր վերլուծաբան դեսպան Սթիվըն Սեստանովիչը։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողությունների և պայմանավորվածություններից մշտապես հետ կանգնելու հետևանքով ստեղծված իրավիճակին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ ներկաների բազմաթիվ հարցերին։