Գաբրիել Ղազարյան. «Մարզված սերունդն է, որ անառիկ է պահում մեր հայրենիքի սահմանները»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է «Վարդանանց ասպետներ» կազմակերպության պատվիրակությանը: Նա ողջունել է հյուրերին և իր գոհունակությունը հայտնել առ այն, որ կազմակերպությունը, հիմնադրվելով ԱՄՆ-ում, հայ երեխաների հոգևոր, մշակութային և մարզական դաստիարությանն ուղղված ծրագրեր է սկսել իրականացնել նաև Հայաստանում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, Ղազարյանն իր խոսքում նաև շնորհակալություն է հայտնել հյուրերին, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղի մոտակայքում կառուցվող մարզամշակութային համալիրի կառուցման գործում ցուցաբերած աջակցության համար:
«Միասին եղել ենք կառուցվող համալիրում: Ուրախ եմ, որ մարզական և մշակութային այդ կենտրոնի կառուցումն իրականացվում է հատկապես սահմանամերձ գյուղում, և այն կծառայի ոչ միայն Վերին Կարմիրաղբյուրի, այլ նաև հարակից համայնքների բնակիչներին: Մարզված, կոփված, զարգացած, հայրենասեր սերունդն է, որ անառիկ է պահում մեր հայրենիքի սահմանները: Վստահ եմ, որ այսպիսի սերնդի կրթման և դաստիարակման գործում իր լուման կունենա նաև այդ համալիրը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
Վերին Կարմիրաղբյուրում կառուցվող համալիրն ունենալու է բացօթյա մարզահրապարակներ՝ նախատեսված խաղային մարզաձևերի համար, լողավազան և հրաձգարան, որտեղ կարող են մարզվել մարզի սահմանամերձ գոտու ութ համայնքների բնակիչները: Տավուշցի երեխաների համար նախատեսված մարզական և մշակութային համալիրը առաջինն է, սակայն հետագայում այդպիսի կենտրոններ են ծրագրվում կառուցել նաև ՀՀ մյուս մարզերում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա