Հայ շախմատիստները` Խանտի-Մանսիյսկում
Խանտի-Մանսիյսկում կայացել են շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության առաջին տուրի պարտիաները: Մրցաշարի խորհրդանշական առաջին քայլը կատարել է Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի ղեկավար Նատալյա Կոմարովան:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 9-ը շախմատիստներ: Մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում Հայաստանը ներկայացնող Քրիստինե Սմբատյանն առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Մարիա Սիբաևայի հետ, ով գործակցով մոտ 400 կետ գերազանցում էր մեր շախմատիստուհուն:
Նույն տարիքային խմբի տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Շանթ Սարգսյանը, ով իր գործակցով մրցաշարում երկրորդն է և Արթուր Դավթյանը: Այս ենթախմբում, ցավոք, մրցաշարը հաջող մեկնարկ չի ունեցել Շանթ Սարգսյանի համար, ով սև խաղաքարերով պարտվել է Ռուսաստանը ներկայացնող Ռոստիսլավ Մարչուկին, իսկ Արթուր Դավթյանն առաջին տուրի իր պարտիան ավարտել է հաղթանակով:
Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում Հայաստանը ներկայացնող Արփինե Գրիգորյանը մրցաշարը մեկնարկել է հաղթանակով. նրա մրցակիցն էր ԱՄՆ-ն ներկայացնող Սևիլլա Յուլիան: Այս ենթախմբում գրանցվել են մի շարք անակնկալ արդյունքներ. մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող երեք շախմատիստուհիներից և ոչ մեկը չի կարողացել առավելության հասնել իր մրցակցի նկատմամբ , իսկ մրցաշարի երկրորդ համար Տիշովա Սվետլանան պարտվել է:
Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում են միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը, ով իր գործակցով մրցաշարում երրորդն է և ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Միրզոյանը: Առաջին տուրում մեր երկու պատվիրակներն էլ հաղթել են իրենց մրցակիցներին: Համաձայն վիճակահանության` երկրորդ տուրում մեր շախմատիստները պետք է մրցեն միմյանց դեմ:
Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում Սիրանուշ Ղուկասյանն առաջին տուրում հաղթանակ է տոնել Սլովակիան ներկայացնող Յանա Լիսցինսկայի նկատմամբ: Նույն տարիքային խմբի տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում են մոտ մեկ ամիս առաջ Պրահայում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Մանուել Պետրոսյանը և Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն, 16-ամյա Արամ Հակոբյանը: Իր գործակցով Մանուել Պետրոսյանը մրցաշարում երկրորդն է: Առաջին տուրում մեր երկու շախմատիստներն էլ առանց դժվարության հաղթել են իրենց մրցակիցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա