Գյումրին հյուրընկալում է հայաստանյան և միջազգային շուրջ տասնյակ հեղինակավոր ռոք խմբերի
Այսօր և վաղը , Գյումրիում կկայանա «Գյումրի ՌոքՖեստ-2016» խորագրով միջազգային ռոք-փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ ծրագիրը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված երաժշտական, թատերական միջոցառումների, կինոնախագծերի, ցուցահանդեսների և այլ մշակութային ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված նախագծերից է:
Ռոք-փառատոնը, որն իրականացվում է «Գյումրու օր» ծրագրի շրջանակում, աննախադեպ իրադարձություն է հանրապետության երկրորդ քաղաքի մշակութային տարեգրության մեջ. առաջին անգամ Գյումրին կհյուրընկալի հայաստանյան և միջազգային շուրջ տասնյակ հեղինակավոր ռոք խմբերի:
Փառատոնի «Գալա» համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին, Գյումրու «Սև Բերդ» ամրոցում: Համերգին կնախորդեն բազմապիսի միջոցառումներ. փառատոնի մասնակից խմբերը հանդես կգան քաղաքի տարբեր հատվածներում:
Փառատոնը կազմակերպվում է մշակույթի նախարարության աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: