Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն՝ հայ և օտարազգի երաժիշտների մասնակցությամբ
Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Գավառի մշակույթի տանը տեղի է ունեցել Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարությունից:
2016թ. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո և նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:
2012 թվականից, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ավանդական դարձած Դուդուկի փառատոնն իր ազդեցությունն է ունեցել հայկական ծիրանափողն ավելի հանրահռչակելու գործում, նաև հնարավորություն է ստեղծվել Սփյուռքի տարբեր հատվածներում ապրող ու ստեղծագործող հայ դուդուկահարներին և օտար կատարողներին իրենց արվեստով ներկայանալ Հայաստանում:
Միջոցառումը մեկնարկել է Հայկական ազգային նվագարանների պետական նվագախմբի ելույթով:
Ելույթ են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի անունը կրող դպրոցի սաները, Դուդուկահարների մանկական եռյակը՝ «Ժողովրդական երգերի շարան»-ով:
Կանադայից ժամանած մեր հայրենակիցներ Էդուարդ Ջերջիյանի և Մադիանա Թորոսյանի կատարմամբ հնչել են «Տրապիզոնյան պար« և «Մշո աղջիկ» ստեղծագործությունները: Ռոբերտ Պետրոսյանի «Հավատի երգը» Հայկական ազգային նվագարանների պետական նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի) կատարել է սիրված երգիչ Հայկ Եսայանը:
Ելույթ է ունեցել նաև Սանկտ Պետերբուրգից ժամանած, ազգությամբ կորեացի Վալերի Նամը, Թբիլիսիից՝ Իվանե Մկրտչյանը:
Թեհրանի «Խոյագարան Մեհր» կանանց անսամբլը հայկական ստեղծագործությունները կատարել է իրանական ավանդական գործիքներով:
ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի նվագակցությամբ և երգիչ Գուրգեն Դաբաղյանի կատարմամբ հնչել է «Ղարաբաղի հորովել» ստեղծագործությունը:
Արցախցի դուդուկահարներ Նորայր Սահակյանը, Սեդրակ Ավագյանը և Համլետ Դաշյանը կատարել են Արամ Խաչատրյանի «Պեպոյի երգը»:
Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքից ժամանած Համամիութենական 9 մրցանակների դափնեկիր Յուրա Սարգսյանը ներկայացրել է «Հայկական պարերի շարք»: Հալեպահայ Ճորճ Վանեսյանի կատարմամբ հնչել է «Ժողովրդական պար-Բինգյոլ» ստեղծագործությունը:
Համերգը եզրափակվել է Գերմանիայից ժամանած երաժիշտների ելույթով: Բեռլինից Գրեգոր Շուլենբերգը կատարել է Կոմիտասի «Խնկի ծառ» ստեղծագործությունը: Գերմանացի դուդուկահար Սյորեն Բիրկեին նվագակցել են Ուվե Ֆիշերը, Աքսել Լորենցը և կոմպոզիտոր Դիրկ Միքայելիսը: Հնչել են Դիրկ Միքայելիսի ստեղծագործությունները:
Փառատոնի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունել է և բարի երթ մաղթեց նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: Նա փառատոնի մասնակիցներին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերն ու հավաստագրերը: