Եկել է պահն ամեն ինչ մի կողմ թողնելու և մարզումներին անցնելու համար. Արթուր Ալեքսանյան
Այսօր Ucom ընկերության հովանավորությամբ Ռիո դե Ժանեյրո մեկնած և հաղթական մեդալներով վերադարձած Հայաստանի ազգային Օլիմպիական հավաքականի մարզիկները հատուկ միջոցառման ժամանակ բաժնետերերի խորհրդի որոշմամբ պարգևների արժանացան:
Մինչ միջոցառման պաշտոնական մասին անցնելը ներկաները դիտեցին ֆիլմ` վերհիշելով ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում մեդալակիր հայ մարզիկների անցած ուղին` կրկին անգամ վերապրելով այն անկրկնալի պահերը, որոնք մեզ պարգևեցին ոսկե մեդալակիր, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալակիր, սակայն մեզ համար միանշանակ օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Միհրան Հարությունյանը, փոխչեմպիոններ ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը` համագործակցության համար շնորհակալություն հայտնելով Ucom ընկերությանը:
«Հուսով եմ, որ Ucom-ի հետ համագործակցությունը կլինի շարունակական, քանի որ ես այն համարում եմ կայացած: Վստահ եմ, որ Տոկիո 2020-ում մեր մարզիկները կունենան ավելի մեծ հաջողություններ և կուրախացնեն մարզասեր հանրությանը»,- ասաց Ռոստոմյանը:
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, իր հերթին, կրկին անգամ շնորհավորեց հայ մեդալակիրներին և վստահաբար ասաց, որ իրենց ընկերությունը մշտապես կանգնելու է սպորտի կողքին:
«Մեր մարզիկներն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ արեցին հնարավոր և անհնարին ամեն բան: Սա մեծ հաղթանակ է մեզ բոլորիս համար: Մեր ընկերությունը մինչև Օլիմպիական խաղերը և խաղերի ողջ ընթացքում եղել է հայ մարզիկների կողքին` աջակցելով նրանց: Պատրաստ ենք մշտապես լինել սպորտի կողքին»,- ասաց գլխավոր տնօրենը:
Հերթը մրցանակներինն էր: Ucom ընկերության գլխավոր տնօրենն Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին հանձնեց բնակարան իրենց ծննդավայրերում՝ Գյումրիում և Վաղարշապատում: Իսկ փոխչեմպիոններ՝ ծանրորդ Գոռ Մինասյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը ստացան գումարային պարգև` 7 մլն դրամի չափով: Բացի այդ, տղաները ստացան iphone 7 բջջային հեռախոսներ, ինչպես նաև Ucom-ի «Triple Play» փաթեթից ու շարժական կապի ամենաբարձր ու ամենաընդգրկուն սակագնային պլանից ընդմիշտ անվճար օգտվելու հնարավորություն:
Ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն ազդարարեց այս տարվա ամենասպասված` 4G+ ցանցի մեկնարկը Ucom ընկերության կողմից: Այն նախատեսված է Հայաստանում տվյալների փոխանցման տրաֆիկի նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու, էլ ավելի լավ որակ ու մեծ արագություններ ապահովելու և օգտագործման առավել լայն հնարավորություններ առաջարկելու համար:
Արթուր Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ թեև միջոցառումները շատ են, սակայն դրանք հաճելիորեն են հոգնեցնում իրենց, սակայն արդեն եկել է պահն ամեն ինչ մի կողմ թողնելու և մարզումներին անցնելու համար:
«Տրամադրությունը, բնականաբար, շատ բարձր է: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին` հաճելի երեկոյի և նվերների համար: Հաջորդիվ Տոկիոյի Օլիմպիական խաղերն են: Դեռ ժամանակ կա և 4 տարվա մեջ շատ բան կարող է փոխվել: Հուսով եմ, որ կմասնակցեմ Օլիմպիադային և նույն արդյունքը կգրանցեմ: Հայրենիք վերադառնալով ես զգում, թե ինչ ես արել ազգիդ ու ժողովրդիդ համար»,- ասաց Օլիմպիական խաղերի չեմպիոնը:
Միհրան Հարությունը, իր հերթին, փաստեց, որ ամենակարևոր նվերերն իր համար ժողովրդի սերն ու հարգանքն են:
«Շատ հպարտ եմ, էմոցիաներս խեղդում են ինձ: Երջանիկ մարդ եմ, քանի որ ժողովրդի սերն ու հարգանքը վայելելն ամենամեծ պարգևներն են: Շնորհակալություն եմ հայտնում Ucom-ին` հիանալի միջոցառման և անակնկալների համար»,- ասաց Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը:
Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը վերջում տեղեկացրեց, որ անակնկալներն այսքանով չեն սահմանափակվի, իսկ չեմպիոնների բնակարանամուտն էլ կոգեշնչի նրանց ակտիվ գործունեություն ծավալելու ուղղությամբ և կնպաստի տեղի համայնքներում սպորտի զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա