Կայացավ հայ-իսրայելական համագործակցության ոչ քաղաքական-հասարակական ֆորումի անդրանիկ նիստը
Այսօր Երևանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի և Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակ, Քնեսեթի Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկով ղեկավարությամբ անցկացվեց հայ-իսրայելական համագործակցության ոչ քաղաքական-հասարակական ֆորումի անդրանիկ նիստը:
Իր խոսքում ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը նշեց, որ ֆորումի ստեղծման գաղափարը առաջացել է նախորդ տարի իր իսկ կողմից գլխավորած պատվիրակության Իսրայել կատարած այցի շրջանակներում:
«Ֆորումի հարթակը հանդիսանալու է երկու երկրների գիտական, մշակութային տեխնոլոգիական, առողջապահության, զբոսաշրջության և այլ գործարար տարբեր ոլորտներում համագործակցության համար»,- նշեց Ա. Զաքարյանը:
Նրա խոսքով՝ ֆորումը գործելու է մշտական հիմունքներով, հասարակական կարգով՝ իր աշխատանքներն իրականացնելով ինչպես Իսրայելում, այնպես էլ Հայաստանում: Արտակ Զաքարյանը շեշտեց, որ ֆորումի գլխավոր նպատակն է երկու երկրներում շահագրգիռ անձանց ներգրավմամբ մշակել և իրականացնել համատեղ ծրագրեր, բիզնես ներդրումներ, տեխնոլոգիական զարգացման հնարավորություններ, ինչպես նաև մշակութային երկխոսության և գիտական այլ տարբեր ծրագրեր:
Իր հերթին իսրայելի խորհրդարանի փոխխոսնակ Թալի Պլոսկովը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է Հայաստանում և այս «երկու ջերմ» այցելությունների ընթացքում երկու բան է հասկացել.
«Մեր մեջ կան շատ ընդհանրություններ և եթե մենք կարողանանք զարգացնել և օգտագործել դրանք, ապա այդ ամենը կնպաստի հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը»,- նշեց Թ. Պլոսկովը:
Նրա խոսքով՝ ֆորումի հիմնական նպատակներից մեկն է նախևառաջ հայ-իսրայելական գործարար շրջանակների իրազեկումը և երկու երկրներում ներդումային ծրագրերի իրագործման նպաստելն է.
«Հայաստանում կա այն, ինչ չկա Իսրայելում, իսկ Իսրայելում կա այն, ինչ չկա Հայաստանում»,- շեշտեց Քնեսեթի փոխխոսնակը՝ հավելելով, որ բիզնես կապերի զարգացումը կարող է լավ հիմք հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Իր հերթին Արտակ Զաքարյանը, ողջունելով Իսրայելից ժամանած հյուրերին, նշեց, որ Թալի Պլոսկովի առաջին այցը Հայաստան համընկել էր այս տարվա ապրիլյան իրադարձությունների հետ, իսկ երկրորդ այցը հանընկնում է ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված տոնակատարությունների հետ՝ շեշտելով, որ ինչպես իսկական բարեկամներ իսրայելական կողմը Հայաստան է ժամանում և ծանր պահերին և ուրախության ժամանակ:
Ա. Զաքարյանը նշեց, որ երկու կողմերից երկխոսության համար առաջ են քաշվելու ֆորումի երկու համանախագահներ։