«Հայաստանը պատերազմող երկիր է և ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ մեկ խնդիրը»
Մի քանի տարի առաջ տեղեկատվական տեղնոլոգիաների ոլորտի ներկայցուցիչները հանդես եկան ՏՏ նախարարություն ունենալու պահանջով, որը, ըստ նրանց, կհամակարգեր ոլորտի խնդիրները: Մինչդեռ քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որ նոր նախարարություն բացելու անհրաժեշտություն չկա, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժինը և երկու փոխնախարարները կատարում են ֆունկցիաներ, որոնք համակարգում են ընդհանուր ՏՏ ոլորտը:
Ինչպես արդեն հայտնի է, գործադիրի սեպտեմբերի 22-ի նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կտեղափոխվի Տրանսպորտի նախարարության ենթակայության տակ և նախարարությունը կանվանափոխվի Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այսպիսով իրենց՝ ՏՏ նախարարություն ստեղծելու առաջարկությունը մասամբ ընդունվեց:
«4-5 տարի առաջ ասում էինք, որ պետք է քաղաքականություն փոխվի, նոր նախարարություն ստեղծվի, հիմա մասամբ դա արվեց: Կարծում եմ, որ տրանսպորտը կապ չունի հեռահաղորդակցության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների հետ, ուստի ճիշտ կլիներ, որ տրանսպորտի գործառույթը իրականացնեին էկոնոմիկայի կամ էներգետիկայի նախարարությունները»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Ըստ նրա՝ տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտը, հեռահաղորդակցությունը պետք է լինեն մեկ կառույցում, որպեսզի խնդիրներին համապարփակ լուծում տրվի: «Ժամանակակից աշխարհն այսօր ուղղակիորեն կապված է հեռահաղորդակցության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման հետ, դրա համար, կարծում եմ, որ նախարարության վրա պետք է նաև դրվեն զենքի արդիականացման խնդիրները: Իսկ կառավարության աշխատանքի գնահատականը կտրվի դրանից ելնելով՝ արդյոք կառավարությանը հաջողվեց վերականգնել ռազմարդյունաբերությունը»,- նշեց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը:
Նրա խոսքերով՝ Հայաստանը պատերազմող երկիր է և ռազմարդյունաբերության զարգացումը պետք է լինի պետության թիվ մեկ խնդիրը:
«Ռազմարդյունաբերությունը պետք է շուտափույթ վերականգնել և բանակին ապահովել հայկական արտադրության զենքով: Այս փուլում դա պետք է կառավարության հիմնական խնդիրը»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով նորանշանակ վարչապետին և նոր կառավարությանը, Կարեն Վարդանյանն ասաց, որ նորանշանակ վարչապետին ճանաչում է Երևանի քաղաքապետ աշխատած տարիներից, արդյունավետ համագործակցել են, սակայն հիմա որևէ գնահատական տալ չի կարող. «Մինչև կառավարության ծրագիրը չհրապարակվի, դեռ չենք կարող որևէ բան ասել: Նրա մասին դրական կարծիք ունեմ, բայց հիմա կարծիք կարող եմ հայտնել միան կառավարության ծրագրի և պետական բյուջեի հրապարակումից հետո»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ընդամենը ակցենտն ենք փոխում. Կարեն Կարապետյանը՝ Արծվիկ Մինասյանին
- Մի քանի նախարարություն կանվանափոխվի, մեկը կվերափոխվի կոմիտեի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին