Թուրքիայի կողմից միակողմանի ցամաքային շրջափակումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է. Նալբանդյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարն իր ելույթում ասել է.
«Պարո՛ն նախագահ,
Գլխավոր քարտուղար,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Կցանկանայի շնորհավորել և հաջողություն մաղթել Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանի նախագահ Փիթըր Թոմսոնին և շնորհակալություն հայտնել իր նախորդին՝ Մոգենս Լիքեթոֆթին:
Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ նաև մեր բարձր գնահատանքն արտահայտել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ իր հմուտ առաջնորդության համար:
Պարո՛ն նախագահ,
Երկու օր առաջ Հայաստանը տոնեց իր անկախության 25-րդ տարեդարձը: Այս կարճ ժամանակահատվածում մեծ աշխատանք է տարվել ժողովրդավարական հաստատությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական բարեփոխումների առաջ մղման ուղղությամբ:
Հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել նաև սոցիալ-տնտեսական զարգացման առումով: Այնուամենայնիվ, դեռևս առկա են մարտահրավերներ: Սոցիալապես առավել խոցելի խմբերի կարիքները դրվել են 2014-2025 թվականների համար Հայաստանի Հեռանկարային զարգացման ռազմավարության հիմքում: Միաժամանակ, մեր կառավարության կողմից տրվել է Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկը: Այս առումով Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր մեխանիզմների, ներառյալ՝ հատուկ ընթացակարգերի ու պայմանագրային մարմինների հետ:
Անցյալ դեկտեմբերին հասարակական լայն քննարկումների համընդգրկուն գործընթացին հաջորդած հանրաքվեի միջոցով հավանություն տրվեց սահմանադրական բարեփոխմանը, որի նպատակը նոր և կատարելագործված կառավարման համակարգի ստեղծումն է՝ առավել բարձր թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ: Այն ողջունվեց միջազգային համապատասխան կառույցների կողմից:
Պարոն նախագահ,
ՄԱԿ-ը նշանակալի դերակատարություն կարող է ունենալ անհանդուրժողականություն, ռասայական խտրականություն, այլատյացություն, ծայրահեղականություն և ահաբեկչություն սնող միջավայրը փոխելու գործում:
Հայաստանը բազմիցս դատապարտել է ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրագործված հանցագործությունները, որոնք սպառնում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս բնակվող ժողովուրդներին: Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն է թողել նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների վրա, որոնք կենսական սպառնալիքների առջև են կանգնած՝ ազգային հողի վրա իրագործվող ոճրագործությունների պատճառով:
Բռնությունները չեն շրջանցել նաև սիրիահայերին։ Շատերը կորցրել են իրենց կյանքը, ոչնչացվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության հետևանքով հայ փախստականները ապաստան գտան բազմաթիվ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր, Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, կրկին հարկադրված են լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան քսան հազար հայ է ապաստան գտել Հայաստանում: Ուստի, մենք գիտենք, թե ինչ է նշանակում՝ լինել փախստական և ապաստան տալ փախստականներին:
Հայաստանի Կառավարությունը նշանակալի ջանքեր է գործադրում փախստականներին աջակցելու և նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ: Համոզված ենք, որ հարկավոր է առավել լայն միջազգային համագործակցություն ծավալել զանգվածային տեղահանմամբ պայմանավորված մարտահրավերին համարժեքորեն արձագանքելու համար: Այս առումով կարևոր է մի քանի օր առաջ այս բարձր մարմնի կողմից ընդունված փախստականների և միգրանտների մասին Նյու Յորքի Հռչակագրի դրույթների լիարժեք իրականացումը:
Ցանկանում ենք ընդգծել ժողովուրդների խոշոր տեղահանությունների հիմնապատճառներին արձագանքելու անհրաժեշտութունը մարդկության դեմ հարցագործությունների կանխարգելման, հակամարտությունների խաղաղ կարգավորման և տևական քաղաքական հանգուցալուծումների միջոցով:
Պարո՛ն նախագահ,
Հայաստանը շարունակաբար աջակցել և իր ներդրումն է ունեցել կանխարգելման մեխանիզմների մշակման գործում՝ մասնավորապես, Մարդու Իրավունքների խորհրդում պարբերաբար նախաձեռնելով ցեղասպանության կանխարգելման բանաձևեր:
Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, որը շարունակում է առերեսվել այդ ոճրագործության ժխտողականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը` պայքարելու ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության անպատժելիության դեմ: 2016 թվականին լրանում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված բանաձևի առաջին տարին, որով դեկտեմբերի 9-ը հռչակվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր:
Քանի դեռ բռնության սպառնալիքը շարունակում է տարածվել աշխարհի տարբեր ծայրերում, հույժ կարևոր է առավել արդյունավետ դարձնել անվտանգության ու խաղաղության հաստատման մեր միասնական ջանքերը: Եվ այս ընկալմամբ է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի և նրա կողմից լիազորված խաղաղարար գործողություններին՝ այդպիսով իր անմիջական ակտիվ ներդրումն ունենալով միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում: Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը, «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»: Անշուշտ, պատմությունը մեզ սովորեցնում է, որ մեկի անվտանգությունը սերտորեն փոխկապակցված է մյուսների անվտանգության հետ:
Պարո՛ն նախագահ,
Հայաստանը ողջունում է «2030 օրակարգ»-ում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի գործողությունների ծրագրի ներառումը՝ որպես կարևոր քայլ կայուն և ընդգրկուն զարգացումը խթանելու ուղղությամբ: Վիեննայի գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու և մեր աշխատանքների առանցքում դնելու համար Հայաստանի կառավարությունն ընդունեց դրա իրագործման ազգային ռազմավարություն: Մենք դատապարտում ենք միակողմանի տնտեսական միջոցները որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու քաղաքականությունը:
«2030 օրակարգ»-ը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ նման գործելաոճը վնասակար է կայուն զագացման համար: Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Այն շարունակում է լրջորեն խաթարել տարածաշրջանային տարանցիկ հաղորդակցության ուղիները, տնտեսական համագործակցությունը և ինտեգրումը:
Պարո՛ն նախագահ,
Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի առանցքային դերը նոր և համընդգրկուն օրակարգի իրականացման գործում: Մենք չենք թերագնահատում մեր առջև կանգնած մարտահրավերները. միաժամանակ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք մեր հնարավորությունները: Ավելի քան յոթ տասնամյակ անց պետք է դրսևորվի այնպիսի տեսլական և մոտեցում, որը հնարավոր լավագույն ապագա կերաշխավորի Կազմակերպության և դրա շուրջ համախմբված ժողովուրդների համար:
Հայաստանը լիովին հանձնառու է այդ նպատակներին:
Շնորհակալություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին